09/07/2020 11:54
Հակաճգնաժամային առաջին միջոցառումը տրանսֆորմացիայի ենթարկեցինք. նպատակը ներդրումների խթանումն է. վարչապետ
Մենք փոփոխություններ կատարեցինք մեր հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ, այսինքն՝ տրանսֆորմացիայի ենթարկեցինք այն, որի նպատակը ներդրումների խթանումն էր, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, սակայն, ընդգծեց, թե տպավորություն ունի, որ գործարար համայնքը բավարար չափով իրազեկված չէ այդ մասին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս հարցի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց։
«Հունիսի 20-ից ուժի մեջ է մտել մեկ կանոն, որը, կարծում եմ, շատ կարևոր ռազմավարական կանոն է: Մինչ օրս մեր սուբսիդավորման գործիքն աշխատում էր հետևյալ տրամաբանությամբ` մինչև 250 մլն դրամ վարկային ռեսուրսները սուբսիդավորվում էր մինչև 1 տարի ժամկետով: Մենք ուժի մեջ ենք մտցրել հետևյալ սահմանումը, որ եթե ձեռնարկությունը, տնտեսվարողը 50 մլն դրամի չափով կանոնադրական կապիտալի համալրում է իրականացրել կամ կիրականացնի 2020 թվականի ընթացքում, ապա նա հնարավորություն է ստանում հավելյալ սուբսիդավորվել 400 մլն դրամի չափով և 36 ամիս ժամկետով, որը շատ էական է: Այն էական արտոնյալ հնարավորություն է: Եթե համալրումն իրականացվել է 100 մլն դրամի չափով, ապա տնտեսվարողը հնարավորություն ունի ստանալ 500 մլն դրամին համարժեք սուբսիդավորում` 48 ամսվա համար: Սա լրջագույն խթան է: Եթե պարզ հաշվարկ անենք տնտեսվարողի տարեկան խնայողությունը 500 մլն դրամի սուբսիդիայի մասով, ապա դա, ըստ էության, իր 1-2 տարվա շահն է, որը ինքը կարող է ներդնել կանոնադրական կապիտալում», - ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, թե այս պահի դրությամբ այս կանոնով մեկ հայտ բավարարվել է, ևս երկու հայտ քննարկման փուլում է:
Անդրադառնալով հարկային բարեփոխումներին՝ փոխվարչապետն ասաց, որ տնտեսության մեջ շուրջ 64 մլդ դրամի շրջանառություն է մնացել: