10/07/2020 11:46
Երևանում կանցկացվի «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնը (Տեսանյութ)
Դասական երաժշտության սիրահարների համար անակնկալ են պատրաստել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ նախագահ Կոնստանտին Իշխանով‚ և Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը՝ տնօրեն Կարեն Ղազարյան` հուլիսի 10-28-ը Երևանում կազմակերպելով «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնը։
Փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Ասուլիսի ընթացքում Կարեն Ղազարյանը շեշտեց, որ առցանց փառատոնը դրական լիցքեր կփոխանցի ոչ միայն հայ ունկնդիրներին, այլ աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդկանց:
Սերգեյ Սմբատյանն էլ նկատեց‚ որ շատ քիչ մարդիկ էին հավատում առցանց փառատոնի գաղափարին: Նա հույս հայտնեց‚ որ բոլորը կոգևորվեն այս փառատոնից:
«Աշխարհահռչակ արտիստներ կժամանեն Հայաստան‚ և Հայաստանը կլինի այն կենտրոնը‚ որին իրենց հայացքը կուղղեն դասական երաժշտության սիրահարները։ Մենք ակնկալում ենք ավելի քան 100 000 առցանց դիտում»‚ - ասաց դիրիժորը:
Աշխարհի տարբեր ծայրերից 19 օր շարունակ դասականի սիրահարները կարող են առցանց վայելել 9 սիմֆոնիկ, 5 կամերային համերգ, 3 մենահամերգ և 2 անսամբլային համերգ։ Միջազգային փառատոնին ելույթ կունենան հանրահայտ մենակատարներ և դիրիժորներ: Նրանցից են Սերգեյ Դոգադինը, Ֆրանչեսկա Դեգոն, Անդրեյ Բարանովը, Գլորիա Քամփաներն ու Հայկ Կազազյանը և այլք։
Մաեստրո Սմբատյանը նշեց, որ առցանց համերգներն‚ իհարկե‚ չեն կարող փոխարինել հանդիսատեսով լեցուն դահլիճում կայացող համերգներին, սակայն այս պայմաններում իրենց նպատակն է կազմակերպել փառատոն, տոնակատարություն, հնչեցնել երաժշտություն‚ և մարդիկ կարողանան ունկնդրել գեղեցիկ կատարումներ։
COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակում այս միջոցառման անցկացումը իրապես մեծ իրադարձություն կլինի մշակութային կյանքի համար, և ոչ միայն Հայաստանում։
Բանախոսներն ընդգծեցին, որ միջոցառման ընթացքում խստագույնս պահպանվելու են հակահամաճարակային առողջապահական բոլոր սահմանված կանոնները: