10/07/2020 15:28
Խնդրահարույց է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախաձեռնման դեպքում Թուրքիայի քողարկված կամ բացահայտ միջամտության պատրաստակամությունը
Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքն է: Այդ մասին ասված է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարության տեքստում։
Հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում. Հայաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ:
Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին: Արցախի կարգավիճակի և անվտանգության խնդիրները խաղաղ գործընթացի հիմքն են: Այս համատեքստում Հայաստանն անհրաժեշտ է համարում հակամարտության բոլոր կողմերի միջև անվտանգության և վստահության կառուցման միջոցներով խաղաղության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը: Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ջանքերը պետք է գործադրվեն հակամարտության բոլոր կողմերում հավասարապես:
Մենք շարունակելու ենք սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը առանց սահմանափակման և հարկադրանքի: Հակամարտության կարգավորման գործընթացում և հետկարգավորման փուլում արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է և ենթակա չէ զիջման: Արցախը պետք է ունենա անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական գծեր և արտաքին աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ ապահով, անվտանգ և բազմազանեցված փոխկապակցվածության համակարգ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունների կողմից որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը ճանաչված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմք է հանդիսանում Արցախի բնակչության համար՝ իր կողմից ընտրված իշխանությունների միջոցով բանակցությունների բոլոր փուլերում լիարժեքորեն մասնակցելու իր իսկ ճակատագրի որոշմանը:
1994-1995թթ. հրադադարի անժամկետ համաձայնագրերը, որոնք ստորագրվել են Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ադրբեջանի միջև, ամրագրել են ռազմաքաղաքական հավասարակշռություն և պայմաններ են ստեղծել խաղաղ գործընթացի համար: Ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոխելու Ադրբեջանի փորձերը, հրադադարի պարբերական խախտումները և բանակցություններում առավելապաշտական մոտեցումները, նպատակ ունենալով պարտադրել Արցախին հրաժարվելու իր պետականությունից և լեգիտիմ իրավունքներից, խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Հայաստանի Հանրապետությունն անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերի Արցախին վերջինիս միջազգային հարաբերությունների ընդլայման և խորացման գործում, որպեսզի նրա բնակչությունն իր ներուժն ու իրավունքներն իրացնելու համար կարողանա օգտվել միջազգային համագործակցության առավելություններից:
Միաժամանակ, Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունն Ադրբեջանին ավելի է ուժեղացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի հավակնությունները։ Հատկապես խնդրահարույց է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախաձեռնման դեպքում Թուրքիայի քողարկված կամ բացահայտ միջամտության պատրաստակամությունը:
Հարևան երկրների և ժողովուրդների հանդեպ Թուրքիայի կողմից անօրինական ուժի կիրառումն իր հերթին վտանգում է ավելի լայն տարածաշրջանի կայունությունը և առավել անկանխատեսելի է դարձնում նրա հնարավոր գործողությունները Հայաստանի հանդեպ:
Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել մեզ համար այն դեպքում, երբ կվերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը:
Տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու և Հայաստանի Հանրապետության ու Արցախի դեմ հնարավոր ագրեսիան զսպելու հրամայականը մեզնից պահանջում է ռազմաքաղաքական սպառնալիքներին դիմագրավող արդյունավետ պաշտպանա-անվտանգային համակարգի ձևավորում: Այս նպատակին մենք հասնելու ենք մասնավորապես զինված ուժերի պատրաստվածության բարձրացման, պատերազմի վարման նոր մոտեցումների ներդրման, Հայաստանի ռազմարդյունաբերական կարողությունների զարգացման և ռազմատնտեսական համագործակցության ուղղությունների ընդլայնման միջոցով։