10/07/2020 18:51
Դատավորների կոնվենցիոնալ իրավունքների խախտման փաստի արձանագրման հավանականությունը ՄԻԵԴ-ի կողմից բավականին բարձր է. Գոհար Մելոյան
Սահմանադրագետ Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հուլիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարածեց մամլո հաղորդագրություն, համաձայն որի՝ որոշում էր կայացրել «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով չկիրառել միջանկյալ միջոց ՀՀ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ՝ գտնելով, որ ՄԻԵԴ-ի կանոնակարգի 39-րդ կանոնի համատեքստում առկա չէ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված հիմնարար իրավունքներին ուղղված լրջագույն սպառնալիք։
Բնականաբար, այս հաղորդագրությունը դարձավ տարաբնույթ շահարկումների և մանիպուլյացիաների առարկա, ընդհուպ մինչև՝ գործի վերնագրի փոփոխված տարբերակի մատուցում, տարբեր դատավարական գործընթացների, ինչպես՝ միջանկյալ միջոցի և բուն գանգատի քննություններն են, նույնականացում եւ այլն։
Վերոնշյալի հետ կապված անհրաժեշտ է արձանագրել,
միջանկյալ միջոցի պահանջն առանձին դատավարական գործընթաց է, և անգամ հաղթանակի նվազ հավանականության պարագայում, իմ կարծիքով, դիմումատուների ներկայացուցիչը պետք է օգտվեր նաև այդ գործիքակազմից, առավել ևս, երբ բուն գանգատն առերեւույթ հիմնավոր է,
միջանկյալ միջոցի կիրառման արդյունքում՝ հնարավոր կլիներ մեղմել ստեղծված ճգնաժամի հետևանքները․
միջանկյալ միջոցի չկիրառումը հետևանք և ազդեցություն չունի հետագայում բուն գանգատի քննության ընթացքի վրա․
ինչպես նախկինում անդրադարձել էի՝ գործի հիմքում առկա են հարցադրումներ, որոնց վերաբերյալ ուշագրավ կլինի ՄԻԵԴ-ի անդրադարձն իրավունքի զարգացման տեսանկյունից,
հիմնվելով ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիայի վրա՝ շարունակում եմ պնդել, որ դատավորների կոնվենցիոնալ իրավունքների խախտման փաստի արձանագրման հավանականությունը ՄԻԵԴ-ի կողմից բավականին բարձր է»։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 14:41