10/07/2020 14:20
Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է Ռուսաստանի հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների կայուն խորացումն ու ընդլայնումը
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների կայուն խորացումն ու ընդլայնումը քաղաքական, առևտրատնտեսական, պաշտպանական, անվտանգային և մշակութահումանիտար ոլորտներում` հիմնված երկու երկրների ժողովուրդների պատմական բարեկամության վրա։
Այդ մասին ասված է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարության տեքստում։
«Առաջնորդվելով միմյանց շահերը փոխադարձաբար հաշվի առնելու և իրավահավասարության սկզբունքներով՝ ջանքեր կգործադրվեն երկկողմ ձևաչափում, բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ», - ասված է փաստաթղթում։
Նշվում է նաև, որ Հայաստանը կշարունակի զարգացնել բարեկամական գործընկերությունը և խորացնել ռազմավարական երկխոսությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգի իրագործման, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, տարածաշրջանային և միջազգային կայունության ու անվտանգության ամրապնդման ուղղություններով։