10/07/2020 18:20
Նախորդ տարվա համեմատ 80 տոկոսով նվազել է ՀՀ-ից պտուղ-բանջարեղենի արտահանումը. Ընկերության ղեկավար
Հայաստանից պտուղ-բանջարեղեն արտահանողների համար տարին բարենպաստ չի եղել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին «Գրին Վեյ Լոջիսթիքս» և «Պեգաս տրանս» ընկերությունների ղեկավարները։
«Նախորդ տարվա համեմատ արտահանումն 80 տոկոսով նվազել է։ Կոնկրետ մեր ընկերությունում արտահանման նվազումը կազմել է այդքան», - ասաց «Պեգաս տրանս» ընկերության ղեկավար Ջուլիետա Ղազարյանը։
Նա նշեց, որ արտահանում են Հայաստանում արտադրվող գրեթե բոլոր տեսակի պտուղ-բանջարեղենը:
Արտահանման ծավալների նվազումը, Ջ. Ղազարյանի կարծիքով, պայմանավորված է արտակարգ իրավիճակով։
«Մարտ ամսից, անկեղծ ասած, ներմուծումն ենք բավական նորմալ ծավալով իրականացրել։ Իսկ արտահանման սեզոնին, երբ պետք է մրգերն արտահանեինք, նվազումը նկատելի էր։ Հիմնական պատճառն այն է, որ սահմանը փակ է, գյուղացիները չեն կարողանում իրենց վաճառողին ուղարկել ՌԴ տարբեր քաղաքներ։ Միայն բեռնատարի վարորդին են թույլատրում անցնել սահմանը, բեռնատարի վարորդի հետ էլ բեռ են ուղարկում այն մարդիկ, ովքեր անձամբ ճանաչում և վստահում են իրեն, դա ոչ 1000, ոչ էլ 2000 դոլարի ապրանք է, խոսքը մեծ գումարի մասին է», - ասաց Ջուլիետա Ղազարյանը։
Նրա խոսքով՝ հիմնականում ապրանքը Ռուսաստանի Դաշնություն են արտահանել.
«Այս տարի ընդամենը մեկ մեքենա ապրանք ենք ուղարկել Սոչի, մեքենան հետ է եկել, որովհետև տուրիստ չկա, հետևաբար նաև վաճառք չկա»։
«Պեգաս տրանս»-ի ղեկավարն ասաց, որ իրենց խնդիրները դեռևս որևէ մեկին չեն ներկայացրել:
«Մյուս ընկերությունների մոտ ևս այս իրավիճակն է։ Ընդհանուր տնտեսական վիճակն է այսպիսին։ Խնդրի լուծումն, ըստ իս, սահմանների բացումով է միայն հնարավոր»։
«Գրին Վեյ Լոջիսթիքս» ընկերության տնօրեն Եվգենյա Կազումյանն ասաց, որ իրենց մոտ ևս այս տարվա ընթացքում նախորդ տարվա համեմատ արտահանման ծավալների անկում է գրանցվել։
«Մեր ընկերությունը հիմնականում ելակի արտահանմամբ է զբաղվում։ Թվեր այս պահին չեմ կարող ասել, բայց արտահանման ծավալները նվազել են, գներն են անկայուն։ Ապրիլին, երբ սահմանին հերթեր էին և նույնիսկ մի պահ փակվեց սահմանը, եղել են դեպքեր, որ մեր բերքը փչացել է», - ասաց Եվգենյա Կազումյանը։
Նրա խոսքով՝ ապրանքն արտահանելիս նաև վրացական սահմանին են խնդիրների հանդիպում։
«Վրացական կողմն էլ շատ դանդաղ է աշխատում։ Գներն են շատ անկայուն, մի պահ նույնիսկ ներմուծողները հրաժարվում էին ապրանք ներմուծել, թեև ապրանքի սպառումը մեծացել էր», - նշեց Եվգենյա Կազումյանը։