11/07/2020 09:46
«Հրապարակ». Իշխանություններն անչափ «զգայուն» են դարձել ատոմակայանին վերաբերող հարցադրումների նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների, ատոմակայանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, ռուսական վարկի երկրորդ մասի մերժման ֆոնին հայաստանյան իշխանություններն անչափ «զգայուն» են դարձել ատոմակայանին վերաբերող հարցադրումների նկատմամբ:
Խնդրո առնչությամբ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հարցում էինք արել՝ Սուրեն Պապիկյանից փորձել էինք ճշտել, թե որքան ժամանակով է կանգնել ատոմակայանը, երբ այն վերանորոգված կլինի, ոմանք պնդում են, որ հնարավոր է ատոմակայանն այլևս չաշխատի։
«Աշխատանքները կտևեն 65 օր, ատոմակայանն էներգացանցին կմիանա սեպտեմբերի 3-ին. այլևս չաշխատելու պնդումները չեն համապատասխանում իրականությանը», - պատասխանեցին նախարարությունից:
Ո՞վ է իրականացնում ատոմակայանի վերանորոգումը, որքա՞ն միջոց է հատկացված վերանորոգմանը, ի՞նչ միջոցներ են։
«Վերանորոգմանը մասնակցում են հայկական, ուկրաինական, խորվաթական, չեխական, ռուսական ընկերություններ, այդ թվում՝ «Ռոսատոմ սերվիս» ընկերությունը, «Ռոսատոմ սերվիսի» հետ կնքել ենք 40,225 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր. աշխատանքներն իրականացվում են սեփական և ՀՀ բյուջեից ներգրավված միջոցների հաշվին»:
Ռուսական վարկի մերժումն ազդեցություն չի՞ թողնի ատոմակայանի վերանորոգման աշխատանքների և ժամկետների վրա։
«Ֆինանսական աղբյուրի փոփոխությունն ազդեցություն չունի աշխատանքների իրականացման վրա, աշխատանքներն իրականացվում են ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման 2020-2022թթ․ միջոցառումների ժամանակացույցին համաձայն»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: