13/07/2020 21:59
Այդ պատգամավորի հաջողությունները հիմնականում եղել են խարդավանքների ոլորտում. Արա Սահակյանը պատասխանում է Անդրանիկ Քոչարյանին (Տեսանյութ)
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արա Սահակյանն Aysor.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՅԴ ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ նախաձեռնած՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու արգելքը չեղարկելու վերաբերյալ նախագծին, որը մերժվեց Ազգային ժողովում, ինչպես նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ «Հայրենիք» կուսակցության վերաբերյալ հայտարարությանը։
«Իշխանությունն ահաբեկված է», - պնդում է Արա Սահակյանը՝ վստահեցնելով, որ իրենք ժամանակավորապես են նահանջելու։ «Կյանքը շարունակվում է, պայքարը շարունակվում է», - նշում է նա։
«Հայրենիք» կուսակցության քաղխորրդի անդամի դիտարկմամբ՝ Ազգային ժողովում այսօր Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի խոսափողն էր։
«Անդրանիկ Քոչարյանը հանձն առավ լինելու վարչապետի խոսափողը, հարկադրված քայլ է։ Սա նրա սիրած քայլն է՝ ընկերներին իրար դեմ հանելու», - նշում է Սահակյանն ու ընդգծում՝ ընդունում է մարտահրավերը։
«Հարգելի պարոն Քոչարյան, մի հոգ տարեք ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի վարկի համար, նրանք այդքան ուժ ու կարողություն ունեն՝ ինչպես վարվել։ Մենք հասկանում ենք, որ այս վարչախմբի գլխավոր թիրախը «Հայրենիք» կուսակցությունն է, նաև այն պատճառով, որ Արթուր Վանեցյանը շատ լավ է ճանաչում ու գիտի այս իշխանության գլխավոր խոցերն ու խոցերի գլխավոր պատասխանատուին։ Անդրանիկ Քոչարյանին ընտրելով որպես գլխավոր պատասխանող՝ նա սխալվել է, որովհետև այդ պատգամավորը երբեք չի փայլել քաղաքական, հատկապես, կուսակցական խնդիրներում, նրա հաջողությունները հիմնականում եղել են խարդավանքների ոլորտում», - նշում է Սահակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։