13/07/2020 19:52
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանին և Բաքվին կոչ են անում հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումները:
Համանախագահների հայտարարության մեջ ասվում է, որ միջնորդներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ցավում են մարդկանց մահվան համար և իրենց ցավակցությունն են հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին:
Համանախագահները նշում են, որ կողմերը միմյանց մեղադրել են ռազմական գործողություններ սանձազերծելու մեջ։
«Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ նրանց միջև գոյություն ունեցող ուղիղ կապի ուղիների օգտագործմամբ: Մինսկի խմբի համանախագահները նաև կողմերին կոչ են անում հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները և կարևորում են ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, երբ թույլ տան հանգամանքները», - ասված է հայտարարության մեջ: