13/07/2020 11:30
Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև օգոստոսի 12-ը
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,
հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի հուլիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 31969 դեպքերը, որոնցից 19633-ը` առողջացած, 565-ը` մահվան ելքով (2020 թվականի մարտի 16-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 31924), ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը,
հաշվի առնելով այն, որ նման արտակարգ իրավիճակը շարունակում է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,
հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, եթե արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը
և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման հավելվածի 1-ին գլխում կատարել հետևյալ լրացումները՝
1) 7.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․
«Բացառությամբ սույն հավելվածի 8-րդ գլխով նախատեսված դեպքերի, ինքնամեկուսացման հրահանգը տրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի բանավոր կարգադրությամբ, իսկ հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»:
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7․8-րդ կետ.
«7.8. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին և պացիենտների հետ շփված անձանց (հնարավոր կոնտակտավորներին) ըստ բժշկական ցուցումների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ այցելությունները` անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ կազմակերպելու նպատակով, չեն հանդիսանում ինքնամեկուսացման կարգի խախտում:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: