14/07/2020 16:34
Հայաստան/Ադրբեջան․ ԿԽՄԿ-ն մտահոգ է քաղաքացիական բնակչության անվտանգության հարցով և պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր մտահոգությունն է հայտնում հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ուժգնացած մարտական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ։
Նման իրավիճակը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում սահմանամերձ համայնքների բնակչության համար՝ սահմանափակելով նրանց ապրուստի միջոցների հասանելիությունը։ ԿԽՄԿ-ն հայտնում է իր մտահոգությունը հակամարտության կողմերին՝ հիշեցնելով ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցող և քաղաքացիական անձանց միջև մշտապես տարբերակելու անհրաժեշտության մասին։
«Կոչ ենք անում կողմերին հարգել միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները և մարտական գործողություններ իրականացնելիս ապահովել նախազգուշացման բոլոր միջոցները՝ խնայելու քաղաքացիական անձանց կյանքը և ապահովելու ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, բնակելի և բժշկական շինությունների անվտանգությունը», - նշել է տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների տնօրեն Մարտին Շյուպը։
«Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես չեզոք միջնորդ ու աջակցել վերջին լարվածության հետևանքով տուժածներին»։