14/07/2020 09:38
ԱՄՆ-ը դատապարտում է բռնությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին
ԱՄՆ իշխանությունները դատապարտում են հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած բռնությունները և կողմերին կոչ են անում բանակցել:
«Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել հաղորդակցության ուղիղ գծերը՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար և խստորեն պահպանել հրադադարը», - ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:
ԱՄՆ-ը կողմերին կոչ է անում շուտափույթ վերսկսել «հիմնարար բանակցությունները»: Գերատեսչությունը նաև ընդգծում է ԵԱՀԿ դիտորդների տարածաշրջան վերադառնալու կարևորությունը:
Նշվում է, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պարտավորվում է կողմերին օգնել ղարաբաղյան հիմնահարցի տևական խաղաղ կարգավորման հարցում:
«Մենք շարունակելու ենք ակտիվորեն մասնակցել այդ նպատակին հասնելու ջանքերին», - հավելել է Օրտագուսը: