14/07/2020 14:56
Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդում են կասեցնել քրգործի վարույթը և գործն ուղարկել ՍԴ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով լսումները։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդել են կասեցնել քրեական գործի վարույթը և գործն ուղարկել Սահմանադրական դատարան։
Նիստի սկզբում դատավորը հայտնել է, որ ստացվել է տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի՝ դատախազներ Գևորգ Բաղդասարյանին և Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը։ Սակայն Ասլանյանն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ այսօրվա նիստին, և միջնորդության քննարկումը հետաձգվել է։
Հիշեցնենք՝ գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։