14/07/2020 11:48
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (Տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը:
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն, կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել էր նաև հուլիսի 13-ին։
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։
ՀՀ Զինվաժ ուժերը ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի։