15/07/2020 19:33
Լեհաստանի նախագահը դարձել է ռուս պրանկերների զոհը (Տեսանյութ)
Լեհաստանի վերընտրված նախագահ Անջեյ Դուդան ռուս պրանկերների զոհ է դարձել, որոնք ընտրությունների երկրորդ փուլից հետո զանգահարել են Լեհաստանի պետության ղեկավարին՝ ներկայանալով որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար:
Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է լեհական RMF ռադիոկայանը, որը ստացել է այդ խոսակցության իսկության հաստատումը նախագահի նստավայրում։
Ինչպես տեղեկացրել է ռադիոկայանը, կատակի հետևում կանգնած են ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս):
Նրանք զանգահարել են Լեհաստանի առաջնորդին երկուշաբթի և ներկայացել են որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ շնորհավորելով Դուդային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Լեհական գաղտնի ծառայությունները պարզում են այս հեռախոսազանգի հանգամանքները:
Զրույցի ընթացքում պրանկերները Դուդայից հետաքրքրվել են երկրում համաճարակաբանական իրավիճակի և կորոնավիրուսի հնարավոր աղբյուրների մասին: Լեհաստանի առաջնորդը հայտնել է, որ «գուցե, աղբյուրն Ուկրաինան է»:
«Որովհետև մեզ մոտ Ուկրաինայից շատ մարդ կա», - ասել է նա՝ ընդգծելով, որ վարակման դեպքերը քիչ են և «իրավիճակը վերահսկվում է»:
Պրանկերները հարցրել են Դուդային վերջին տարիներին Լեհաստանում զանգվածաբար ապամոնտաժվող Կարմիր բանակի հուշարձանների հետ կապված իրավիճակի մասին:
Լեհաստանի նախագահը հավաստիացրել է, որ Վարշավան «չի պատերազմում հուշարձանների դեմ»:
«Մենք ունեցել ենք մի քանի դեպք, բայց միայն մի քանիսը: Սա մեծ խնդիր չէ», - ավելացրել է նա։
Հարցին՝ Լեհաստանը նախատեսո՞ւմ է վերադարձնել Ուկրաինայի տարածքի մի մասը՝ Լվովը, Դուդան հավաստիացրել է, որ այդ թեման «Լեհաստանում քաղաքական քննարկման առարկա չէ»:
«Մենք դա չենք քննարկում: Ոչ մի քաղաքական ուժ այդ մասին չի խոսում», - ասել է Լեհաստանի առաջնորդը:
Լեհաստանում նախագահի ընտրություններն ավարտվել են հուլիսի 12-ին: