16/07/2020 14:19
ՀԱՊԿ մեր գործընկերները տեղեկացված են, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, և այլ միջամտության կարիք չկա. Միրզոյան
ՀՀ արտաքին գերատեսչությունը և խորհրդարանականներն իրենց խողովակներով սահմանային իրավիճակի մասին պարբերաբար և շատ մանրամասն տեղեկացնում են Հայաստանի բոլոր միջազգային գործընկերներին և այն բոլոր կառույցներին, որտեղ Հայաստանը որևէ անդամություն ունի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Ինքս իրադարձությունների մասին տեղեկացնող նամակներ եմ ուղարկել Եվրոպական պառլամենտի նախագահին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, ինչպես նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերներին», - նշեց նա:
Միրզոյանի կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարը ցանկանում է պարպել իր երկրի ներսում առաջացած դժգոհությունը և այն ուղղել իրենց կողմից մշտապես թշնամի հռչակված Հայաստանի, հայ ժողովրդի ուղղությամբ:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ՀԱՊԿ-ի արձագանքը, Արարատ Միրզոյանը պատասխանեց.
«Ընթացիկ, ըստ էության՝ խաղաղություն հաստատելու կոչեր են: ՀԱՊԿ մեր գործընկերները տեղեկացված են այն մասին, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, և այլ միջամտության կարիք չկա»:
ԱԺ նախագահը հատկանշական համարեց, որ այս օրերին տեղի ունեցող գործողությունները որևէ կերպ չեն առնչվում Արցախին, այլ տեղի են ունենում Հայաստանի հետ սահմանին: