16/07/2020 20:06
Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է առարկայական բանակցություններ վարել Հայաստանի հետ նախորդ տարիներին ձևավորված բազայի հիման վրա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայատսանի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին, միայն եթե դրանք կրեն առարկայական բնույթ և լինեն հիմնավորված:
«Նախորդ տարիներին ձևավորվել է կարգավորման համար անհրաժեշտ իրավական դաշտ: Ադրբեջանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, փոփոխություններ հնարավոր չեն: Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Ադրբեջանի տարածքն է, և տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի», - ասել է Ալիևը՝ ընդունելով Արտաքին գործերի նոր նախարար Ջեյհուն Բայրամովին:
Նա նշել է, որ մտադրություն չունի զբաղվել բանակցությունների իմիտացիայով, անիմաստ տեսակոնֆերանսներով:
«Ամեն ինչում պետք է իմաստ լինի: Ես արդեն ասել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը պետք է լինի շատ ակտիվ և չսահմանափակվի միայն շփման գծում դիտարկմամբ: Պետք է ապահովվեն առարկայական բանակցություններ», - նշել է Ալիևը: