16/07/2020 11:14
Ադրբեջանը փորձել է գրավել «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը. Վարչապետը մանրամասներ հայտնեց սահմանային իրավիճակից (Տեսանյութ)
Գիշերը Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները՝ ավելի քան հարյուր հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել Տավուշի մարզի սահմանապահ «Անվախ« կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ դիրքը գտնվում է Մովսես ու Այգեպար գյուղերի ուղղությամբ:
«Հայոց բանակի դիրքապահները կանխել են ներթափանցման փորձը, թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել, նախնական տվյալներով, տալով զոհեր ու վիրավորներ, կորցնելով տեխնիկա», - ասաց վարչապետը։
Նա ասաց, որ ժամը 05։20-ին Ադրբեջանը սկսել է հրետակոծել Այգեպար ու Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ ու Դ-30 հաուբից։
«Գրոհներ են ձեռնարկվել «Անվախ«» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն ՀՀ զինված ուժերը բոլոր գրոհները հետ են մղել ու իրավիճակը առավել լիակատար վերահսկողության տակ է», - ասաց նա։
Վարչապետը նշեց, որ հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի։
Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել վերջին օրերի հասցված վնասներն ու տալ գնահատական։