16/07/2020 08:43
«Փաստ». Խախտումների քանակը նկատելիորեն նվազել է
«Փաստ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ իրավիճակի հայտարարումից ի վեր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շրջայց են կատարել սննդի շղթայում գործող 16203 տնտեսվարողի մոտ՝ արտադրություն, հանրային սննդի օբյեկտներ, իրացման ցանց: Երեկվա դրությամբ կասեցվել է 1782 կազմակերպության գործունեություն՝ ՀՀ պարետի որոշումներով ամրագրված սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու համար:
«Փաստ» թերթի տեղեկություններով` ՍԱՏՄ շրջայցերի, ստուգումների և բացատրական աշխատանքների արդյունքում խախտումների քանակը նկատելիորեն նվազել է. եթե մեկ ամիս առաջ ամեն օր կասեցվում էր 100-ից 150 կազմակերպության գործունեություն, ապա ներկայումս կասեցումների քանակը հազիվ է գերազանցում երկու տասնյակը:
Մեր տվյալներով, օրեր են եղել, որ, օրինակ՝ Երևանի Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների, Սյունիքի, Շիրակի ու Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերի սննդի շղթայի այն կազմակերպություններում, որտեղ ստուգայց կամ կրկնայց են անցկացրել ՍԱՏՄ տեսուչները, ընդհանրապես խախտումներ չեն հայտնաբերվել»: