16/07/2020 15:34
Եթե երկրում ռեալ ֆոնդային շուկա ձևավորվի, կարող ենք համարել, որ տնտեսական հեղափոխության ամենակարևոր արտահայտությունն է. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը հաստատել է Կապիտալ շուկայի զարգացման ծրագիրը, որի նպատակն է ներդնել կապիտալի շուկայի այնպիսի գործիքներ, որոնք կապահովեն երկրում ձևավորված խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում, թույլ կտան բնակչությանը մասնակցել երկրում իրականացվող ներդրումային ծրագրերին և ստանալ դրանցից եկամուտներ, որի շնորհիվ կապահովեն նաև տնտեսության ֆինանսավորման նոր գործիքների զարգացումը։
Փաստաթղթով ներկայացվում է կապիտալի շուկայի զարգացման համապարփակ ռազմավարական ուղղությունները, որը համախմբում է շուկայի վերլուծության արդյունքում բացահայտված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներն ու գործողություները, դրանց ակնկալվող արդյունքը, հիմնական պատասխանատու կառույցները և կատարման ժամկետները:
Հիմնավորման համաձայն՝ 2019թ. ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայում կորպորատիվ արժեթղթերով և ՀՀ պետական պարտատոմսերով առուվաճառքի գործարքների ծավալը կազմել է 100 մլրդ դրամ, իսկ բորսայից դուրս՝ մոտ 900 մլրդ դրամ: Երկրորդային շրջանառության գերակշիռ մասը կազմել է ՀՀ պետական արժեթղթերով առևտուրը: Զարգացած կապիտալի շուկայի և բարդ գործիքների բացակայությունը սահմանափակում է տնտեսվարող սուբյեկտների՝ իրենց արժութային, տոկոսային և այլ ռիսկերի կառավարման հնարավորությունները: Սա թույլ չի տալիս արդյունավետորեն բաշխել ռիսկերը տնտեսության տարբեր հատվածների միջև՝ հիմնական վարկային ռիսկերը թողնելով բանկային համակարգի վրա:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ծրագրով առաջարկվող նախագիծը բաղկացած է 2 մասից՝ ՀՀ-ում կապիտալի շուկայի դիագնոստիկ վերլուծությունից և դրանց վրա կառուցված գործողությունների ծրագրից: Նախարարի կարծիքով՝ ծրագրի հաստատմամբ շուկան կստանա զարգացման էապես բարելավված միջավայր, տեղի կունենան այնպիսի գործիքների ներդրում, որոնք կապահովեն ձևավորվող խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կապիտալ շուկայի զարգացման կարևորությունը և նշել, որ արդեն երկար ժամանակ ՀՀ-ում քաղաքացիները, եթե բիզնես չեն անում, իրենց խնայողությունները ներդնելու մեկ տեղ ունեն՝ բանկային համակարգում:
«Բիզնեսը նույնպես Հայաստանի Հանրապետությունում ֆինանսավորման մի տեղ ունի. դա նույնպես բանկային համակարգն է: Դա շատ լավ է, և կարևոր է, որ մեր երկրում բանկային համակարգը կայացած է, սակայն կարծում եմ՝ վաղուց հասունացել է այն պահը, բանկային համակարգն այնքան է զարգացել, որ մենք այս շուկայի զարգացման երկրորդ փուլ պետք է մտնենք: Մեր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ոչ միայն բանկերում ուղղակի ավանդներ դնել, այլ նաև շուկայից, բորսայից գնել ընկերությունների բաժնետոմսեր, նայել, գնահատել ամենամեծ պոտենցիալ ունեցող ընկերությունները և այդ շուկայում անել ներդրումներ, ինչը ոչ միայն նրանց համար ներդրումներ և եկամուտներ ունենալու լավ հնարավորություն է, այլև հնարավորություն է ընկերությունների համար ֆինանսավորում ներգրավելու ոչ միայն բանկային համակարգից, այլև քաղաքացիներից»:
Վարչապետը նշել է, որ կառավարությունն այս ուղղությամբ նույնպես աշխատանք է տանում. աշխատում է պոտենցիալ ունեցող ընկերությունների հետ՝ օգնելով բարձրացնել նրանց թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
«Տնտեսական հեղափոխության կարևոր կոմպոնենտներից մեկը սա է : Եթե երկրում ռեալ ֆոնդային շուկա ձևավորվի, կարող ենք համարել, որ տնտեսական հեղափոխության ամենակարևոր արտահայտությունն է: Այնպես որ, մենք ամեն ինչ պետք է անենք դրա համար: Այս ընթացքում հսկայական աշխատանք է արվել, և ես գրեթե համոզված եմ, որ մենք այդտեղ արդյունքներ ունենալու ենք», - ասել է Նիկոլ Փաշինյանը: