17/07/2020 19:11
ԲԴԽ-ն բավարարել է սնանկության դատարանի 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել է միջնորդությունները բավարարել և տալ համաձայնություն՝ ՀՀ սնանկության դատարանի վերոնշյալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, հայտնում են ԲԴԽ լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հիմք ընդունելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասը, երեկ միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինիցս ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով: