17/07/2020 18:48
Անգամ բարդ ու պատերազմական իրավիճակում էլ կարևոր է հաղթել նաև մշակույթով. Ֆիլհարմոնիկ նվագախմբի «Երազարտ» ծրագիրն ամփոփվեց (Տեսանյութ)
Ինքնատիպ գալա համերգով ամփոփվեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Երազարտ» ամառային երաժշտական դպրոցը։ Հուլիսի 16-ին անցկացված օնլայն համերգին ելույթ ունեցան ամառային դպրոցի սաները՝ ներկայացնելով այս օրերի ընթացքում ձեռք բերած գիտելիքները։
Ամենամյա երաժշտական դպրոցն այն այս տարի անցկացրեց առցանց ձևաչափով, հուլիսի 6-14-ը։ Մասնակից պատանի երաժիշտների հետ վարպետության դասեր անցկացրին ոչ միայն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, այլև հրավիրյալ մենակատարներ ու «Երազարտ»-ի սաներ տարբեր երկրներից։
«Երազարտ»-ի ղեկավար, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը շեշտում է՝ նմանատիպ դպրոց անցկացվում է արդեն հինգերորդ տարին։
«Մեր ծրագիրն աջակցում է Հայաստանի տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին, օժանդակում նրանց մասնագիտական զարգացմանը: Ծրագրի շրջանակում ոչ միայն անցկացվում են վարպետության դասեր, այլև տրամադրվում են երաժշտական գործիքներ, կրթաթոշակներ, մենք օգնում ենք երիտասարդ երաժիշտներին վարպետության դասեր անցկացնել Հայաստանում և արտերկրում»,-ասում է Արման Պադարյանը։
Նա առանձնահատուկ շեշտում է՝ նպատակն է, որ մասնակից երեխաները պատրաստ լինեն մեծ բեմերում, հայտնի նվագախմբերում հանդես գալ: Նախագծի նպատակն է ունենալ լավ երաժիշտներ, չէ՞ որ անգամ բարդ ու պատերազմական իրավիճակում էլ կարևոր է հաղթել նաև մշակույթով։
Դասընթացներ են անցկացրել Իտալիայից Պաոլո Ռիցուտոն (գալարափող, ՀԱՖՆ), Նիդերլանդներից Մերի Խոջայանը (ջութակ, «Երազարտ»-ի սան), Իսպանիայից Խուան Պարդո Խիլը (տրոմբոն, ՀԱՖՆ), ԱՄՆ-ից Վարդան Գասպարյանը (թավջութակ, «Երազարտ»-ի սան, Քոլբերն քոլեջ), Սիլվի Զաքարյանը (մարիմբա, Լոնջիի դպրոց, «Երազարտ»-ի խորհրդի անդամ) և Նառա Ավետիսյանը (դաշնամուր, «Երազարտ»-ի սան), Ռուսաստանից Կիրիլ Սոլդատովը (շեփոր, ՀԱՖՆ-ի մենակատար), Բելգիայից Հրայր Կարապետյանը (ջութակ, «Երազարտ»-ի սան), Հայաստանից Նարեկ Ավագյանը (ֆլեյտա, ՀԱՖՆ), Անդրանիկ Քոչարը (ֆագոտ, ՀԱՖՆ) և Հարություն Շախկյանը (հոբոյ, ՀԱՖՆ)։
Ֆլեյտահար Նարեկ Ավագյանն արդեն երրորդ տարին է դասավանդում և իր գիտելիքները փոխանցում երիտասարդ սերնդին։
«Բարեբախտաբար, կարողացանք բոլոր դասերն իրականացնել՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Շատ գոհ եմ մասնակից երեխաների մակարդակից, մի քանի շատ տաղանդավոր մասնակիցներ կային, որոնց հետ մեծ հաճույքով եմ աշխատել», - նշում է նա՝ կարևորելով նման դպրոցի անցկացումը։
Ֆագոտահար Անդրանիկ Քոչարն էլ արդեն հինգերորդ տարին է դասավանդում ամառային դպրոցի շրջանակում։ Ասում է՝ երեխաները շատ ոգևորված են այս դասընթացներից։ Շատ գոհ է դպրոցի արդյունքներից, շեշտում է՝ երեխաներն իրենց ամենօրյա աշխատանքի շնորհիվ շատ լավ արդյունք են ցույց տալիս։
Նշենք նաև, որ դասընթացներին մասնակցել է ընդհանուր առմամբ 19 երեխա՝ Սայաթ-Նովայի անվան, Պ. Ի. Չայկովսկու անվան, Մոկացյանի անվան, Ալ. Սպենդիարյանի անվան, Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցներից, ինչպես նաև ուսանողներ Երևանի Կոմիտասի անվան պետական և Բրյուսելի թագավորական կոնսերվատորիաներից։ Դասընթացներն անվճար են եղել բոլոր մասնակիցների համար: