17/07/2020 12:52
Նիկոլ Փաշինյանը միայն ինքն իր հետ է խորհրդակցում և միայն ինքն իրեն է հավատում. Արման Վարդանյան (Տեսանյութ)
ՀՀ վարչապետն այսօր իրականացնում է տարբեր գործառույթներ, որոնք ընդհնարապես իրենը չեն՝ սկսած իրավապահ համակարգից մինչև տարբեր ոլորտներ, համատիրություններ և այլն, «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասաց «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը:
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ գործողություններին՝ բանախոսը հանցագործության մասին հաղորդում որակեց առողջապահության նախարարի վերջին հայտարրաությունը, որի համաձայն քրոնիկ կամ սրտային հիվանդություններ ունեցող անձինք կարող են դիմակներ չկրել:
«Եթե 4 ամիս այդ մարդկանց ստիպում էին կրել, նախարարը նո՞ր իմացավ, թե՞ գիտեր, բայց չէր ասում, որ մարդիկ մեռնեին: Սա թափթփվածություն է», - ասաց Արման Վարդանյանը:
Ինչ վերաբերում է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բանախոսը վերջինիս բացառիկ տաղանդավոր մարդ որակեց, քանի որ, ըստ նրա, միայն տաղանդավոր մարդը կարող էր երկու տարվա ընթացքում ոչնչացնել բոլոր լավ հարաբերությունները բոլորի հետ:
«Ժողովուրդն իրեն չի ընտրել, դա սխալ տեսություն է: Ժողովուրդն ընդամենը մերժել է հին համակարգին, բայց ժողովուրդը դուրս է գալիս էյֆորիայից, ադեկվատ է դառնում: Դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը միայն ինքն իր հետ է խորհրդակցում և միայն ինքն իրեն է հավատում», - նշեց բանախոսը:
Ամփոփելով՝ Արման Վարդանյանն անդրադարձավ նաև ընդդիմությանը՝ նշելով, որ այն բավարար չափով վճռական չէ և անընդհատ սպասում է՝ երբ է «մաշվելու» Նիկոլ Փաշինյանը:
«Օրինակ, եթե Ռոբերտ Քոչարյանին բռնում են, ես հաստատ կարձագանքեի, եթե Սերժ Սարգսյանին էլ բռնեին, նույնը կանեի: Դա ընդդիմության գործառույթն է, բոլորը պետք է արձագանքեն: Այլապես շատ հեշտ է հատ-հատ բոլորին խաղից հանել», - ասաց «Միասնություն» շարժման ղեկավարը: