18/07/2020 14:21
Հայաստանն ի վիճակի է ապահովել սեփական, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը, բայց այս հայտարարությունը պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)
Մեր խնդիրը մեր ինքնիշխանությունը, մեր սահմանները, մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, նաև գլոբալ անվտանգության ապահովմանը նպաստելը: Իսկ որ Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ անվտանգության համար, վերջին օրերին ակնհայտ դարձավ, Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը մի քանի օր առաջ ուղղակի հայտարարեց, որ իրենց երկիրը կարող է հրթիռային հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին: Ճիշտ է, Հայաստանն ի վիճակի է ապահովել սեփական, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը, բայց սա մի հայտարարություն է, որ աներկբայորեն պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն, որովհետև նմանատիպ գործողությունը մարդկության դեմ ուղղված ահաբեկչություն ձեռնարկելու սպառնալիք է և պետք է արժանանա համապատասխան միջազգային արձագանքի և հետաքննության» , - ասել է վարչապետը։
Ինչ վերաբերվում է հետագա անելիքներին՝ Փաշինյանը նշել է, թե հայկական կողմի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը:
«Մենք բոլորս պետք է ի վերջո դուրս գանք հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից և պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի:
Եվ հաջորդը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացը պետք է շարունակվի և Ադրբեջանն ի վերջո պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի:
Եվ վերջում, թույլ տվեք գոհունակություն արտահայտել Հայաստանի զինված ուժերի բարձր մարտունակության առիթով և արձանագրել, որ Զինված ուժերի զարգացման այն քաղաքական ուղեգիծը, որը որդեգրել է մեր կառավարությունը, այդ թվում՝ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասով, լիովին արդարացնում է իրեն և որևէ կասկած չկա, որ մենք այդ ուղեգիծը կշարունակենք:
Ինչպես արդեն բազմիցս ասել եմ, Զինված ուժերի զարգացումը մեզ համար ոչ թե ուղղակի առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն: Եվ ուզում եմ հիշեցնել, որ այս համատեքստում մեր առաջադրած մի շատ կարևոր խնդիր, այն է՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գումարների վերադարձ և այդ գումարների ներդրում Հայաստանի զինված ուժերի զարգացման համար, դեռևս լիարժեքորեն լուծված չէ: Բայց մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով և այս նպատակի համար արդեն իսկ ստեղծված են որոշակի իրավական մեխանիզմներ, որոնք առաջիկայում կսկսեն գործել», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։