18/07/2020 14:14
Ունենք ապացույցներ, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետանային միջոցներ, զրահատեխնիկա են տեղակայել Աղդամ գյուղի բնակելի տների արանքներում, բակերում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպմանը, որին մասնակցել են նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը և Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
«Մենք ունենք ապացույցներ և փաստացի տվյալներ, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետանային միջոցներ, զրահատեխնիկա են տեղակայել Չինարիի դիմաց գտնվող Աղդամ գյուղի բնակելի տների արանքներում, բակերում և հենց այդտեղից են թիրախավորել մեր գյուղերը՝ մեր Զինված ուժերի պատասխան գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ հարձակում ներկայացնելու համար:
Շատ կարևոր է արձանագրել տեղի ունեցող իրադարձությունների իմաստը և կոնտեքստը, որովհետև Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակ գործողությունները պետք է ունենան բացատրություն և հետևաբար կարևոր է պատասխանել հետևյալ հարցին. ի՞նչ է ուզում անել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և ինչո՞ւ»։
Փաշինյանը նշել է, որ վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմամյա ռազմական հռետորաբանությունը սրվել է և նա ավելի ագրեսիվ կերպով սպառնում է Ղարաբաղի հարցը լուծել ուժային մեթոդներով, բացահայտ կերպով ի ցույց դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացը վիժեցնելու իր մտադրությունը:
«Այս ֆոնին զարգացնում էր Ադրբեջանի բանակի հզորության ու անպարտելիության մասին թեզը՝ փորձ անելով արդարացնել վերջին մեկուկես տասնամյակում բանակի զարգացման պատրվակով ծախսված միլիարդավոր դոլարներն Ադրբեջանի ժողովրդի բարեկեցությանը չծառայեցնելու գործելակերպը:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակաբար հայտարարում էր, թե սպասում է Իլհամ Ալիևի հրամանին՝ Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար: Շարունակական այս հռետորաբանությունն ինչ-որ արտահայտություն պետք է ստանար: Բնականաբար, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հայտարարությունների ֆոնին Արցախի պաշտպանության բանակի զգոնությունը և ուշադրությունը պիտի կրկնապատկված լիներ և հետևաբար Ադրբեջանը որոշեց հարվածել այն ուղղությամբ, որտեղ մենք ամենաքիչը պիտի սպասեինք:
Նպատակը մեկն էր՝ անսպասելի հարվածով նյութականացնել ադրբեջանական բանակի անպարտելիության մասին առասպելը, ռազմական հաջողությամբ ջախջախել հայկական կողմի բարոյահոգեբանական դիրքերը և այդ վիճակում հարձակում գործել Արցախի Հանրապետության ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, սակայն, ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, այլև ջախջախելով մեկուկես տասնամյակ Ադրբեջանի գործող նախագահի կողմից կառուցված միֆը՝ ադրբեջանական բանակի մարտունակության մասին:
Ընդ որում, Ադրբեջանն իր այս գործողություններով էական վնաս հացրեց նաև իր հետ ռազմատեխնիկական լայն համագործակցություն ունեցող երկրներին, որովհետև այս վերջին շաբաթվա ընթացքում մեր Զինված ուժերի կողմից խոցվեցին զինատեսակներ, որոնք ամբողջ աշխարհում համարվում են անխոցելի: Այս պատմության մեջ, սակայն, ամենամեծ զարմանքն առաջացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քամահրական վերաբերմունքը սեփական զինվորների կյանքի նկատմամբ, որոնց ուղարկում են կանխատեսելի մահվան նույնիսկ այն պարագայում, երբ նրանց ասռաջ դրված խնդիրն ակնհայտորեն անիրագործելի է:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռնարկած սադրանքն ունի նաև շատ ավելի լայն աշխարհաքաղաքական կոնտեքստ: Ադրբեջանական քարոզչությունը, փորձելով քողարկել սեփական ձախողումը, սկսել է զարգացնել մի թեզ, թե Հայաստանի զինված ուժերը դիրքավորվել են Ադրբեջանից սկիզբ առնող միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները խոցելու և շարքից հանելու նպատակով: Սա արվում է՝ Հայաստանին որպես գլոբալ սպառնալիք ներկայացնելու համար:
Բայց այս մտքի անհեթեթության կարևորագույն ապացույցն է այն, որ զուտ տեսականորեն նման գործողություն ձեռնարկելու հնարավորություն Հայաստանն ունեցել է նաև վերջին շաբաթվա իրադարձություններից առաջ էլ: Բայց նման նպատակ չի ունեցել երբեք և չունի, որովհետև մեր քաղաքական օրակարգում չի եղել և չկա տարածաշրջանում ու աշխարհում տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական, անվտանգային անկայունություն և սպառնալիքներ ստեղծելը ու չի լինելու», - հայտարարել է վարչապետը։