19/07/2020 11:24
Հայաստանում գազի գինը բարձրացավ խոշոր սպառողների, ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների համար
Հուլիսի 19-ից ուժի մեջ մտավ Հայաստանում գազի գինը նոր սակագինը։ Այն բարձրացավ խոշոր սպառողների, ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների համար։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 19-ի նիստում սահմանեց նոր սակագներ։
Ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար հաստատած սակագինը կազմում է 224 ԱՄՆ դոլար՝ նախկին 212 ԱՄՆ դոլարի փոխարեն։
Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար հաստատվել է 255.92 ԱՄՆ դոլար 1000 խմ դիմաց՝ նախկին 242,1 դոլարի փոխարեն։
1000 խմ գազի դիմաց միջին կշռված գին է սահմանվել $266,71։
Բնակչությանը, նաև սոցիալապես անապահով խավին մատակարարվող գազի գինը մնում է անփոփոխ:
Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (սա հիմնականում բնակիչ-բաժանորդներն են` Aysor.am) վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը կմնա անփոփոխ՝ 139 000 դրամ։
Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար սակագինը ևս կմնա անփոփոխ՝ 100 000 դրամ։