20/07/2020 13:46
Ադրբեջանը փորձելու է իր ամոթալի պարտության համար վրեժ լուծել, այդ թվում՝ հավանաբար Արցախի և Նախիջևանի ուղղությամբ. Անժելա Էլիբեգովա
Aysor.am-ի զրուցակիցն ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան է:
- Տիկին Էլիբեգովա, որո՞նք են, ըստ Ձեզ, Ադրբեջանի ղեկավարության հետևությունները՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին կրած ակնհայտ ձախողումները և միջազգայի հանրության կոչերը:
- Առաջին հետևությունը միջազգային հանրության պրոցեսին չխառնվելն է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասկացավ, որ կորոնավիրուսի վրա սևեռված միջազգային հանրության ուշադրությունը շեղում է իր սադրանքներից, առաջնագծից և չի արժանանում համապատասխան կոշտ գնահատականի։
Երկրորդը՝ դա մեր բանակի մարտունակության՝ անփոփոխ բարձր մակարդակում լինելն է։ Երրորդը՝ ադրբեջանական սադրանքների անհամաչափ մեծ կորուստները՝ և՛ հատուկջոկատայինների, և՛ կորցրած թանկարժեք տեխնիկայի մասով:
- Որքա՞ն հավանական եք համարում հարաբերական անդորրից հետո Ադրբեջանի կողմից բուն պատերազմական գործողությունների նախաձեռնումը՝ այդ թվում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին:
- Այս պահին լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը մեծ չէ, սակայն միանշանակ սադրանքները շարունակվելու են, և Ադրբեջանը փորձելու է իր ամոթալի պարտության համար վրեժ լուծել, այդ թվում՝ հավանաբար Արցախի և Նախիջևանի ուղղությամբ։ Պետք է պատրաատ լինել դրան։
- Սահմանային լարվածության ֆոնին բանակցային գործընթացի վերսկսումը որքա՞ն ռեալ եք գնահատում:
- Այս պահին, առհասարակ, դժվար է դատել բանակցային գործընթացի մասին, քանի որ Ադրբեջանում արտգործնախարար փոխվեց և այդ պաշտոնին նշանակվեց մի անձ, որն, առհասարակ, դիվանագետ չէ և բացարձակ փորձ չունի բանակցային գործընթացում։ Այսինքն՝ մոտակա ամիսներին այդ պրոցեսում սպասել առաջընթացի չարժե: