20/07/2020 16:55
Ռուսաստանը թույլ չի տա՝ Թուրքիան գոնե մի փոքր ուժեղացնի տարածաշրջանում ունեցած դիրքերը. Թուրքագետ
Արցախյան հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել. այդ երկիրը միանշանակորեն կանգնած է Ադրբեջանի կողքին և աջակցություն է ցուցաբերում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Իհարկե, որ ասվում է՝ բոլոր հնարավորություններով է աջակցություն ցուցաբերում, այդպես չէ, որովհետև Թուրքիայի դիվանագիտությունն իր մեջ բավական ուժեղ արտահայտված դեմագոգիայի սեգմենտ ունի: Այն, ինչ ասվում է, շատ անգամ չի համապատասխանում իրականությանը:
Վերջին օրերի սահմանային լարվածության ընթացքում Թուրքիան Ադրբեջանին, իհարկե, որոշակի օգնություն ցույց տվեց, բայց լիակատար, լայնածավալ ռազմական օգնություն ներկա փուլում չի ցուցաբերում», - ասաց թուրքագետը:
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում պետք է նկատի ունենալ Թուրքիայի անմիջական շահը, որը կայանում է ոչ միայն Ադրբեջանին որոշակի օգնություն ցուցաբերելու, հակահայկական հայտարարություններ անելու, այլև տարածաշրջանային սեփական ծրագրերը կյանքի կոչելու մեջ:
«Հարավային Կովկասում Թուրքիայի ծրագիրը ռազմավարական առումով իր ազդեցության ոլորտի ընդլայնումն է: Թուրքիան կփորձի այս նպատակին հասնել, բայց մյուս կողմից էլ տեսանք, որ Ռուսաստանն, ի դեմս հարավային ռազմական օկրուգում սկսած զորավարժությունների, բավական կոշտ դիրքորոշում ցուցաբերեց: Սև ծով և Կասպից ծով դուրս եկան ռուսական ռազմական նավերը, ինչը ցույց տվեց, որ Ռուսաստանը թույլ չի տա՝ Թուրքիան գոնե մի փոքր ուժեղացնի տարածաշրջանում ունեցած դիրքերը», - ասաց մեր զրուցակիցը: