21/07/2020 16:55
Սահմանամերձ համայնքների շուրջ 90 պատանի մասնակցում է Թումո առցանց ճամբարին
2020-ի Թումո ճամբարը մեկնարկել է նոր ձևաչափով` Տավուշի, Լոռու, Շիրակի և Սյունիքի սահմանամերձ համայնքների շուրջ 90 պատանիներ միացել են ճամբարին հեռահար եղանակով: Ծրագիրը պատանիներին հնարավորություն կտա 3 շաբաթով դառնալ թումոցի ու ծանոթանալ Թումոյի կրթական ծրագրի ուղղություններին` ռոբոտաշինությունից և ծրագրավորումից մինչև անիմացիա: Տեխնիկական խնդիրները կանխատեսելով` Թումոն ապահովել է մասնակիցներին անհրաժեշտ համակարգիչներով:
Այգեհովիտից, Գեղանուշից, Ախթալայից, Հայկավանից և 23 այլ համայնքներից մասնակիցներն ընտրվել են World Vision Armenia-ի աջակցությամբ, իսկ Beeline Armenia-ի օգնությամբ ապահովվել են ինտերնետ կապով:
Թումոյի մասնագետների հետ շաբաթական 2 անգամ դասընթանցներ անցնելուց բացի` ճամբարականները մասնակցում են նաև վարպետության դասերի, թանգարանների վիրտուալ այցելությունների, բնության պահպանման և ձեռնարկատիրության վերաբերյալ դասախոսությունների, շփվելու են նախկին ճամբարականների հետ ամբողջ աշխարհից և օնլայն սպորտային պարապմունքներ են ունենալու հմուտ մարզիչների հետ:
Ճամբարը մասնակիցների համար ամբողջովին անվճար է Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Հայ կրթական հիմնարկության, Իրեն Գյուլնազարյան անվան կրթական հիմնադրամի, Կոնվերս Բանկի, Ռոսգոսստրախ-Արմենիայի, Ինգո Արմենիայի, American Renaissance School-ի, ՀԱԷԿՇԻՆ ընկերության, կանադաբնակ մեր հայրենակից Վահան Քոլոլյանի և ամերիկաբնակ Լինդա Ազարյանի աջակցության շնորհիվ:
Թումոյի ճամբարը գործում է 2012 թվականից` կրթության և ժամանցի յուրահատուկ համադրությամբ ապահովելով 1500-ից ավելի պատանիների` թե՛ Հայաստանի հեռավոր բնակավայրերից, թե՛ աշխարհի 40 երկրներից: Ամառվա ամիսները Հայաստանում անցկացնելով` մասնակիցները ոչ միայն հմտանում են Թումոյի կրթական ծրագրի ոլորտներում, այլ նաև հասցնում են ճանապարհորդել Հայաստանի գեղատեսիլ վայրերով, ընկերներ ձեռք բերել և մի լավ զվարճանալ: