21/07/2020 12:53
Ադրբեջանում փորձարկում էին Հայաստանի վճռականությունն ու կարողությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս. սա իրապես շատ վտանգավոր զարգացում էր. Զոհրաբ Մնացականյան
Այն, ինչ տեղի ունեցավ, ըստ էության, վերջին շաբաթների և ամիսների ընթացքում Ադրբեջանում մեծ ինտենսիվություն ստացած ռազմատենչ և ատելության հռետորաբանության դրսևորում էր, «France 24» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Անցած շաբաթվա ընթացքում մենք նման իրավիճակի ականատես եղանք. հուլիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ագրեսիայի և ներթափանցման փորձ կատարվեց հայկական դիրքերի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում։ Այդ փորձերը վճռականորեն հետ մղվեցին, ինչին հաջորդեց հայկական դիրքերի, ինչպես նաև քաղաքացիական ենքակառուցվածքների և բնակչության հրետակոծությունը:
Մենք վճռական ենք եղել մեր պաշտպանությունում։ Մենք նաև շատ սերտ համագործակցել ենք մեր գործընկերների հետ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի հետ՝ մարտական գործողությունները դադարեցնելու և հրադադարը վերականգնելու ուղղությամբ։
Այն, ինչ տեղի ունեցավ, ըստ էության, վերջին շաբաթների և ամիսների ընթացքում Ադրբեջանում մեծ ինտենսիվություն ստացած ռազմատենչ և ատելության հռետորաբանության դրսևորում էր։ Ըստ երևույթին, նրանք փորձարկում էին Հայաստանի վճռականությունն ու կարողությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս։ Եվ սա իրապես շատ վտանգավոր զարգացում էր:
Առայժմ մեզ հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը: Հինգշաբթի օրը ևս մեկ անգամ համանախագահների՝ ՌԴ համանախագահի հետ և մյուս գործընկերների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների հետ սերտ համակարգմամբ կարողացանք վերականգնել հրադադարը: Սա կրկին փխրուն իրավիճակ է: Առայժմ այն պահպանվում է, և մեր նպատակն է ապահովել հրադադարի կայուն վերականգնումը: Փաստացի նաև ձեռնարկել հատուկ միջոցներ՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմը և բացառելու սահմանի երկայնքով, ինչպես նաև Արցախի հետ շփման գծում հանդարտությանը սպառնացող մարտահրավերները: Սա, իհարկե, մեր կարևոր առաջնահերթությունն է», - ասել է նախարարը։