21/07/2020 15:15
Այս կռիվն ադրբեջանցիք սարքեցին իրենց գլխին. խայտառակ եղան, համապատասխան պատիժն էլ ստացան. գեներալ-մայոր Բալայան (Տեսանյութ)
Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ Դանիել Բալայանը վստահեցնում է՝ Հայաստանն ու Արցախը բոլոր ուղղություններով ապահովված են անօդաչու թռչող սարքերով։
«Բոլոր ուղղություններով մենք ապահովում ենք, ունենք համապատասխան տեխնիկա, հաշվարկներ, արդեն հինգերորդ տարին է, որ համապատասխան հաշվարկները կան. և՛ տեխնիկան է համալրվում, և՛ մասնագետները», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բալայանը։
Գեներալ Բալայանը հպարտությամբ փոխանցեց լրագրողներին, որ Տավուշում ԱԹՍ-ներից մեկի խոցումը համալսարանի անցյալ տարվա շրջանավարտներից մեկի շնորհիվ էր.
««Elbit Hermes 900»-ը, որ խփեցին Իջևանում, մեր համալսարանի անցյալ տարվա շրջանավարտի հաշվարկն էր, նա է խոցել», - ասաց Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետը։
Հարցին՝ զինվորն այդ քայլի համար պարգևատրվե՞լ է, Բալայանը պատասխանեց.
«Գիտեք, միանգամից մարտի դաշտում չենք պարգևատրում, հետո կլինի վերլուծություն, ամենքն իր արժանին կստանա, բայց մենք չենք կռվում պարգևների համար, ամենամեծ պարգևն այն է, որ ադրբեջանցին մեր հողը չգա։ Կարճ ասեմ՝ երբ որ ես վերլուծեցի այս ամենը, այս կռիվը ադրբեջանցիք սարքեցին իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին ու խայտառակ եղան, համապատասխան պատիժն էլ ստացան», - նշեց գեներալ-մայոր Բալայանը։
Նա ընդգծեց՝ բոլոր ստորաբաժանումները պատրաստ կանգնած են։
«Հիմա ունենք ամեն միջոցները, այսինքն՝ հանկարծակի փորձեն հարվածել, հանկարծակի փորձեն հարձակվեն, իրենց չի հաջողվելու», - ասաց համալսարանի պետը։
Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ հակառակորդն անօդաչուներն այդքան անարգել չկարողանա կիրառել, Բալանը պատասխանեց.
«Հաջորդ քայլն իրենց համար արդեն ավելի դժվար կլինի։ Գիտեք ինչ, ընդհանրապես, գնում է երկկողմանի մրցակցություն, դու մի բան ստեղծում ես, հակառակորդը փորձում է քեզ հակազդել, հակառակորդն է ստեղծում, դու մտածում ես իրենց հակազդել։ Այսինքն՝ ամեն մի գործողությունից հետո համապատասխան եզրակացություններն արվում են, տեղում չենք դոփում»։