21/07/2020 19:54
Այսօրվա բանակը բազմաթիվ մարդկանց երեք տասնամյակ տևած աշխատանքի արդյունքն է. սա կհասկանա միայն նա, ով անցել է զինվորական ծառայություն. Վանեցյան (168.am)
Նույնիսկ նախնական գնահատականների համար դեռ վաղ է, այս մասին 168.am-ին տված հացրազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով սահմանին տիրող վիճակին։
«Ես ուղղակի կվերահաստատեմ նախկինում իմ հնչեցրած գնահատականները, որ մենք ունենք փայլուն գեներալներ ու սպաներ, մոբիլ ու մարտունակ բանակ, որը հրաշալի լուծեց իր առջև դրած խնդիրը։ Այսօրվա բանակը բազմաթիվ մարդկանց երեք տասնամյակ տևած աշխատանքի արդյունքն է։ Մեր երկրում արդեն ձևավորվել են զինվորական դինաստիաներ՝ լավ կրթությամբ, բարձր պատրաստվածությամբ և բացառիկ հայրենասիրությամբ և ոգով։ Սա կհասկանա միայն նա, ով եղել է մարտական դիրքում, անցել զինվորական ծառայություն։ Սա հաղթող բանակի ոգի է», - ասել է Վանեցյանը։
Նա ընդգծել է՝ ցավոք, նույն չի կարող ասել դիվանագիտական հարթակում մեր պետության ձեռքբերումների մասով։
«Բոլոր ուղղություններով ունենք միջազգային հանրության, գործընկեր պետությունների «կիսահայտարարություններ», ագրեսոր Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարության նշան դնող գնահատականներ։ Մինչդեռ գործ ունենք բացառիկ իրավիճակի հետ, երբ թշնամին երեսուն տարվա մեջ առաջին անգամ նման մասշտաբների հարձակում է գործել ոչ թե Արցախի, այլ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների ուղղությամբ։ Եվ սա պետք է առիթ դառնար միջազգային հանրությանը փաստարկված ներկայացնելու և բացատրելու, որ Ադրբեջանը սպառնալիք է ոչ միայն Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության, այլև՝ ողջ տարածաշրջանի համար։
Մինչդեռ ընդամենն օրերս Չմիավորված պետությունների բյուրոն, որի կազմում 120 պետություն են, հակահայ հայտարարությամբ հանդես եկավ, սա ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը, ի տարբերություն բանակի, տապալել է իր գործառույթների պատշաճ կատարումը։ Ուզում եմ նաև ընդգծել, որ հիացած եմ մեր ժողովրդի միասնությամբ ու համախմբվածությամբ, անցած օրերին բոլորս ականատես եղանք, թե ինչպես է հայությունը մի բռունցք դառնում ընդդեմ թշնամու, իսկ Հայաստանի ընդդիմությունն արտաքին վտանգի դեպքում՝ միավորվում պետության շուրջ՝ այդ ընթացքում շարունակելով թիրախ լինել իշխանական ֆեյքերի և ֆեյքերի գործառույթ իրականացնող որոշ պետական պաշտոնյաների կողմից, որոնք արտաքին թշնամուն թողած՝ նույն այդ օրերին զբաղված էին երկրի ներսում թշնամիներ փնտրելով և այլ տափակաբանություններով», - նշել է ԱԱԾ նախկին տնօրենը։