21/07/2020 20:15
Հայաստանում նկատելիորեն աշխուժացել են հայ-ռուսական հարաբերությունների դեմ աշխատող խմբավորումները. ԱԱԾ նախկին տնօրեն (168.am)
Ներհասարակական մթնոլորտից սկսած՝ մինչև տնտեսական քաղաքականություն, ունենք լուրջ խնդիրներ, 168.am-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։
«Գեներալների և բանակի հրամկազմի վարկաբեկման արշավներից՝ մինչև զրո կետից բանակցություններ սկսելու անխոհեմ հայտարարությունները։ Պահի տակ արված, չհաշվարկված հայտարարությունները, որոնք վերաբերում էին ոչ միայն մեզ, այլև՝ մեզ բարեկամ երկրների շահերին։ Աջ ու ձախ քրեական գործերի հրահանգներից՝ մինչև քաղաքական ընդդիմախոսների դեմ արշավները։ Բազմաթիվ գրագետ և փորձառու կադրերի պետական համակարգից հեռացնելու խնդրից՝ մինչև անգործունակ նորերով ողջ պետական համակարգը լցնելը», - ասել է նա։
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա, ըստ Վանեցյանի, Հայաստանում նկատելիորեն աշխուժացել են այդ հարաբերությունների դեմ աշխատող խմբավորումները։
«Թե՛ որպես քաղաքական կուսակցության ղեկավար, թե՛ որպես ԱԱԾ գեներալ՝ ես այն կարծիքին եմ, որ այդ ուժերը սպասարկում են այլ պետությունների շահեր։ Հայ-ռուսական հարաբերությունների վատացման մեջ Հայաստանը չունի որևէ շահ։ Այնպես, ինչպես Ռուսաստանը։ Շատ կարևոր է, որ նման փորձերը, նման միտումները ստանան հանրային գիտակցված կոշտ հակահարված։ Քաղաքական ուժերի և հասարակության հասունությունը կարևոր գործոն է՝ 5-րդ շարասյանը զսպելու և չեզոքացնելու համար», - ասել է ԱԱԾ նախկին տնօրենը։