21/07/2020 16:02
«Ոսկե ծիրանը» «Փայլատակում» ֆիլմի բացօթյա ցուցադրություն իրականացրեց «ՌիվեռՍայդ» ավտոմոբիլային կինոթատրոնում
Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմի ստեղծման 40-ամյակի առթիվ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հուլիսի 20-ի երեկոյան կինոնկարի բացօթյա ցուցադրություն իրականացրեց «ՌիվեռՍայդ» ավտոմոբիլային կինոթատրոնում։
Այս կերպ շատ սեղմ ժամկետներում փորձ արվեց մեկ ֆիլմի ցուցադրությամբ պահպանել փառատոնի ամենամյա կոլեկտիվ կինոդիտման՝ այս օրերին անհասանելի գեղեցիկ ավանդույթը։ Կինոդիտմանը մասնակիցները գալիս էին իրենց սեփական ավտոմեքենաներով, որոնցից էլ հենց դիտում էին ֆիլմը։
«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը փաստում է՝ հրաշալի հնարավորություն էր կինոյին կարոտ մարդկանց փորձել ինչ-որ կերպ ֆիլմ ցույց տալ, այն էլ՝ ոչ թե օնլայն, այլ ապահովել կոլեկտիվ կինոդիտումը։
«Միակ հնարավոր ձևաչափը, հաշվի առնելով իրավիճակը, սա էր։ Պետք է ասել, որ նմանատիպ ցուցադրությունները նոր երևույթ են Հայաստանի համար, սակայն արտերկրում շատ ընդունված ձևաչափ է», - նշեց նա՝ առանձնահատուկ ընդգծելով, որ չնայած համավարակին՝ հուլիսին փառատոնը հանդես է եկել ինչպես օնլայն, այնպես էլ՝ կենդանի նախաձեռնություններով:
Նշենք, որ «Փայլատակում»-ը ռեժիսոր Սթենլի Կուբրիկի՝ 1980 թվականին Սթիվեն Քինգի համանուն գրվածքի հիման վրա նկարահանած ամերիկյան ֆիլմ է։
Այն շատ կինոքննադատների կարծիքով համարվում է լավագույններից մեկը սարսափ ֆիլմերի ժանրում։