21/07/2020 21:50
Գազի թանկացում սպառողների՞ համար, թե՞ տնտեսվարողների. փորձագետն՝ իշխանության չհաշվարկված քայլերի ու չարյաց փոքրագույնի մասին
Հուլիսի 19-ից ուժի մեջ մտավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ կապված գազի սակագների թանկացման հետ: Ըստ այդմ, թանկացման բեռն ուղղվել է տնտեսության կողմ՝ շարքային սպառողի համար սակագինը թողնելով նույնը:
Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ:
«ՀԾԿՀ-ի կողմից այնպիսի լուծումը, համաձայն որի քաղաքացիների համար գազի սակագինը մնաց անփոփոխ, իրականում թվացյալ լավ որոշում է: Անշուշտ, դա սոցիալական լարվածության ներկայիս պայմաններում հնարավորություն կտա գոնե այս մասով լրացուցիչ հուզումներից միառժամանակ խուսափել: Բայց «դրական» էֆեկտը կլինի խիստ կարճաժամկետ՝ պարզ պատճառով: Գազի սակագնի բարձրացումը տնտեսվարողների համար տնտեսության տարբեր շերտերում խնդիրների առաջացման պատճառ է դառնալու, որոնց բացասական հետևանքներից շարքային սպառողներս չենք խուսափելու: Խոսքը գյուղատնտեսության, վերամշակող արտադրության ոլորտների մասին է, որոնց համար սակագնի բարձրացումը 5,7 տոկոսի շրջակայքում է: Սա նշանակում է, որ առնվազն առաջին անհրաժեշտության ապրանքատեսակերի մեծ մասի պարագայում կունենանք գնաճ», - նշեց նա:
Փորձագետի պնդմամբ՝ վերամշակող արդյունաբերությանն այս պահին գազի սակագնի ավելացող հարվածը խորքային հետևանքներ է ունանելու ողջ տնտեսության համար.
«Խնդիրը միայն տեղային մակարդակում չէ: Սա լուրջ հարված է լինելու նաև արտահանման տեսանկյունից՝ հայրենական արտադրության ապրանքների մրցունակության անկման»:
Լիլիա Ամիրխանյանը հիշեցրեց, որ Կառավարության ծրագրում ամրագրված էր վերամշակող արդյունաբերության զարգացումը.
«Նույնիսկ խոսվում էր գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտի համար նախատեսված ներդրումային ծրագրի մասին, շուրջ 18 մլրդ դրամ: Առանձին քննարկման հարց է, թե ինչ ճակատագիր ունեցավ այդ ծրագիրը, բայց այսօր արդեն գազի սակագնի ավելացման ֆոնին այս ոլորտների հետ կապված բոլոր հաշվարկները պետք է վերանայվեն: Արդյո՞ք պանդեմիայի տնտեսական հետևանքների սուղ ֆոնին պետությունն ի վիճակի է գնալ դրան»:
Ըստ նրա՝ ճնգաժամային իրավիճակում իշխանության կառավարման որակի առանձին գնահատման կարիք կա.
«Հաշվարկվա՞ծ էր արդյոք ՌԴ հետ գազի սակագնի շուրջ բանակցություններին զուգահեռ որոշակի գործողությունների իրականացումը, Հայաստանի համար ռուսական գազի սակագնի բարձր լինելու անթույլատրելի տարբերակներով հանրայնացումը, Միլլերին ուղղված խիստ չհաշվարկված նամակի փաստը, Լուկաշենկոյի հետ, այսպես ասած, «դժգոհների» անիմաստ տանդեմ ձևավորելը: Ունե՞նք այսօր արդյունքում ավելի թանկ գազ: Սա հերիք չէր, կրկին վատ կառավարման հետևանքով ունեցանք Գազպրոմի կողմից սեփական ծախսերի կրճատում՝ ի դեմս աշխատատեղերի կրճատման», - ասաց Լ. Ամիրխանյանը:
Փորձագետի պնդմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման արդյունավետությունն էլ հարցականի տակ է.
«Ասում են՝ քաղաքացին սակագնի բարձրացումը չի զգալու: Սա պարզ մանիպուլյացիա է, քանի որ տնտեսությունում սպասվող անխուսափելի բացասական հետևանքները զգալու ենք բոլորս: Բավարար է նշել միայն սպասվող թանկացման գործոնը: Հարց է, թե գլոբալ տնտեսության համար իրականում որն է չարյաց փոքրագույնը՝ գազի թանկացումը սպառողների՞, թե՞ տնտեսվարողների համար: Բայց սա դիլեմա է, որի առաջ մեզ կանգնեցրել է իշխանությունն՝ իր չհաշվարկված գործողություններով», - ամփոփեց Լիլիա Ամիրխանյանը: