21/07/2020 18:00
ՇՎՏՄ-ն կրկնայցեր է իրականացրել Գյումրիում, կասեցումներ՝ Երևանում
Այսօր ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Գյումրի քաղաքում և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում: Գյումրիում տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցները խախտումներ չեն հայտնաբերել:
Երևանի կենտրոն վարչական շրջանի «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայում ՇՎՏՄ-ի մշտադիտարկում իրականացնող խումբը դիտարկել է թերություններ կապված ջերմաչափման գրանցամատյանների հետ, որոնք տեղում շտկվել են:
Տեսչական մարմնի աշխատակիցները խախտումներ են արձանագրել «Գնունի» շինանյութերի տոնավաճառում: Բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները: Խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն:
ՀՀ ողջ տարածքում տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկման գործընթացը շարունակվում է:
Հուլիսի 21-ին ՇՎՏՄ-ն նաև կասեցումներ է իրականացրել Երևան խաղաքի Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում: 24 ժամով կասեցվել է շինանյութի առևտրի մի շարք կետերի գործունեությունը, որտեղ բացակայել են սոցիալական հեռավորություն պահելու նպատակով արվող գծանշումները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:
Հիշեցնենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում: