21/07/2020 18:47
«Պիկնիկներին 5 հոգուց ավելի մի եղեք». Ոստիկանությունը կրկին կոչով է հանդես եկել (Տեսանյութ)
Համավարկի դեմ պայքարում ոստիկանության միջոցառումները դրական արդյունք կտան միայն հասարակության աջակցության շնորհիվ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Պետք է պայքարել միասին, և, հաստատ, կհաղթենք՝ միահամուռ ուժերով օր օրի արձանագրելով ավելի լավ արդյունք։ Եղանակը տրամադրում է, և շատերն են ցանկանում քաղաքից դուրս գնալ։ Հորդորում ենք հանգիստը կազմակերպել՝ պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոններն ու Պարետի որոշումները։ Բնության գրկում՝ տաղավարներում կամ պիկնիկներին, 5 հոգուց ավելի մի եղեք։ Դա վերաբերում է նաև ռեստորաններում կամ սրճարաններում սեղանի շուրջ նստելուն։ Խուսափեք այցելել հատկապես այնպիսի վայրեր, որտեղ հնարավոր են մարդկային կուտակումներ։
Սիրելի՛ հայրենակիցներ, ոստիկանության գործողություններն ինքնանպատակ չեն և ոչ էլ ուղղված են ձեր հանգիստը խանգարելուն. միակ խնդիրը ձեր անվտանգության և առողջության պահպանումն է:
Ոստիկանությունը շնորհակալություն է հայտնում ըմբռնման ու հակահամաճարակային կանոնները պահպանելու համար։ Վստա՛հ եղեք, միասին կհաղթահարենք համավարակը», - ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։