22/07/2020 09:43
«Ժողովուրդ». Իշխանությունների և Եկեղեցու միջև դեռ վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումից:
«Ժողովուրդ» օրաթերթն իր հուլիսի 15-ի համարում գրել էր, որ կրթական նոր չափորոշիչների և, մասնավորապես, Հայ եկեղեցու պատմություն առարկայի հետագա ճակատագրի շուրջ բանակցությունների համար կաթողիկոսի հետ հանդիպման էին գործուղել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և մի քանի պատգամավորի: Եվ, ահա, թերթի տեղեկություններով՝ կաթողիկոսի և իշխանությունների միջև ավելի են սրվում հարաբերությունները, և հանդիպման ժամանակ Գարեգին Բ-ն հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման մասով այլ պայմանավորվածություն են ունեցել, իսկ հիմա մամուլից այլ բան են իմանում, և այն, ինչ պայմանավորվել են, տեղի չի ունենում:
Թերթը գրում է, որ կաթողիկոսը տարօրինակ և անակնկալ է որակել առարկայի դասավանդման շուրջ տեղի ունեցածը, նաև հստակ բարձրաձայնել է, որ իրենք չեն ընդունում նոր չափորոշիչները և այն առաջարկը, որի համաձայն՝ այս առարկան պետք է դասավանդի Հայոց պատմություն առարկայի հետ:
Ավելին, կաթողիկոսը նաև նկատել է, թե պետք չէ շտապել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կրթական նոր չոփորոշիչներն ընդունելու հարցում, այլ պետք է քննարկել և դրանց մասնակից դարձնել նաև Եկեղեցու ներկայացուցիչներին: Սակայն, թերթի տեղեկություններով, իշխանությունների և Եկեղեցու միջև դեռ վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել»: