22/07/2020 12:41
Ասադի կուսակցությունը հաղթել է Սիրիայում խորհրդարանի ընտրություններին
«Ազգային միասնություն» կոալիցիան, որը ղեկավարվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի «Բաաս» կուսակցության կողմից, հուլիսի 19-ին հաղթել է երկրի խորհրդարանի ընտրություններում: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Նշվում է, որ իշխող կոալիցիային հաջողվել է պահպանել մեծամասնությունը Ժողովրդական խորհրդում՝ չնայած նախորդ ընտրությունների արդյունքների համեմատ 23 տեղ կորցնելուն: Քվեարկությունը կազմակերպվել էր երկրի տարածքի 70 տոկոսում` այն հատվածներում, որոնք վերահսկում է Ասադը:
Մի շարք ընդդիմադիր կուսակցությունների, որոնք չեն ճանաչում «Բաաս» դերը, արգելվել է մասնակցել ընտրություններին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել է, որ ընտրությունները կեղծվել են:
Ընտրություններն ի սկզբանե պետք է տեղի ունենային ապրիլի 13-ին, բայց կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով երկու անգամ հետաձգվել էին: Արդյունքում, որոշվել է ընտրություններն անցկացնել հուլիսի 19-ին՝ չնայած վարակի տարածման շարունակական մակարդակին: