22/07/2020 15:57
Ստորագրում եմ իմ սիրելի կնոջ յուրաքանչյուր բառի տակ. Փաշինյանն ունակ չէ կառուցողական երկխոսություն ունենալ Ռուսաստանի հետ. Տիգրան Քեոսայան
Դերասան, հաղորդավար և ռեժիսոր Տիգրան Քեոսայանն աջակցություն է հայտնել իր կնոջը՝ «Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, որն օրեր առաջ Facebook-ի գրառմամբ դիմել էր Հայաստանի իշխանություններին:
Ներկայացնում ենք, Քեոսայանի ամբողջական գրառումը.
«Իհարկե, ես ստորագրում եմ իմ սիրելի կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի յուրաքանչյուր բառի տակ՝ ուղղված Հայաստանի ներկայիս իշխանություններին:
Միգուցե, ես ուղղակի փոխեի «թքած ունենալը» մի փոքր ավելի մեղմ՝ «ձեռքերը թափ տալ» արտահայտությամբ, ինչը ոչ մի կերպ չի փոխում ասվածի իմաստը:
Մարգարիտայի գրառման հրապարակումից հետո այս բոլոր օրերին Հայաստանից մարդիկ սոցիալական ցանցերում գրում են ինձ:
Նրանք հայհոյում են ինձ՝ տաղանդի տարբեր աստիճանով, պահանջում են ծեծել կնոջս, շտապ փոխել նրա ազգանունը, նույնիսկ ինչ-որ կայքում կազմակերպել են այս անհեթեթությունների համար ստորագրահավաք: Զվարճալի է և տխուր միաժամանակ: Շատ քիչ, բայց, այնուամենայնիվ,տխուր է:
Որովհետև այս ամբողջ անհեթեթությունը խոսում է միայն մեկ բանի մասին. տխրահռչակ սադրիչ Փաշինյանի ղեկավարած երիտասարդական սորոսատն արդեն հասցրել է ինչ-որ բան անել իմ հնագույն ժողովրդի մի մասի հետ:
Հայ տղամարդիկ իմ պատանեկության տարիներին և հետագայում չէին կարող կնոջ հետ այդպիսի տոնով խոսել: Ռուս-հայկական համալսարանի ռեկտորը չէր կարող բառերն այդ աստիճան անտաղանդ ներառել արտահայտությունների մեջ, որոնցում այդքան հստակ միաձուլվել են վախկոտությունը, դավաճանությունն ու գռեհկությունը: Քանի որ հայ հասուն տղամարդը չէր կարող ավելի վաղ ֆինանսավորում ստանալ մի երկրից, որի դեմ այսպես կատաղի ելույթներ է ունենում:
Այդ մանրախնդիր նողկանքը հեշտությամբ փոխհատուցվում էր Մարգարիտայի դիրքորոշումը պաշտպանող և ամեն բառի տակ ստորագրել պատրաստ մարդկանց զանգերով և նամակներով:
Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես այս գրառումն անում եմ Մարգարիտային պաշտպանելու համար, ապա շտապեմ տեղեկացնել, որ կինը, որը կարողացել է այդպես կոշտ և պատկերավոր ձևակերպել իրականությունը հայ-ռուսական ներկա հարաբերությունների և փաշինյանական իշխանության տոտալ ստի մասին, պաշտպանության կարիք չունի:
Իր գրառմամբ հայ հասարակությանը բորբոքելով՝ Մարգարիտան արդեն շատ ու շատ բան է արել Հայաստանի ապագայի համար: Հենց ապագայի համար, որն այսօրվա ռազմական իրողության պայմաններում կարող է չգալ: Հիմարներին արդեն չես փրկի, խելացիներն էլ շատ ճիշտ են հասկացել. Փաշինյանի գիծը՝ ուղղված հայ ազգի՝ որպես մեկ միասնական արյունատար համակարգի ոչնչացմանը, ազգային ինքնության և աշխարհում միակ իրական դաշնակցի կորուստը հանգեցրել են հանրապետության գոյության իրական սպառնալիքի։ Եվ այստեղ արդեն բարեկամության մասին կեղծ խոսքեր պետք չեն, այստեղ քայլեր են հարկավոր:
Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության Փաշինյանը պատրաստ չէ: Դրա համար չէ, որ նա վերցրել է իշխանությունն ու զոմբիացնում է մարդկանց:
Հույս կա միայն Հայոց ուժեղ բանակի հետ կապված, որը հասարակության շրջանում արժանի հեղինակություն է վայելում: Բայց չեմ կարծում, որ երկու ճակատով պատերազմը, որից մեկը՝ հայ-թուրքական, մեծ լավատեսություն է ներշնչում բանական մարդկանց։
Խոսքն արդեն մանր վիրավորվածությունների և մեծ հավակնությունների մասին չէ, խոսքը Հայաստանի ապագա գոյության մասին է։ Արդյոք այդ ապագան գոյություն ունի՞ Հայաստանի այս ղեկավարության հետ: Իմ կարծիքով՝ ոչ: Եվ դա ոչ միայն իմ կարծիքն է»: