23/07/2020 21:45
Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոննները կհիմնանորոգվեն
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հիմնանորոգել և տեխնիկապես վերազինել Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոննները, ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
«Տեղյակ եք, որ Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնը սկսեց վերազինվել 2019թ. Երևանի բյուջեով: Այդ նպատակի համար 157 մլն դրամ հատկացվեց: Տեղադրված լուսաձայնային նոր տեխնիկան Հայաստանում առաջինն է իր տեսակով:
Հնչյունային մասնագետները կաշխատեն նոր թվային համակարգով, իսկ շուրջ 300 հոգու համար նախատեսված դահլիճը հանդիսատեսին կներկայանա ավելի հարմարավետ պայմաններով՝ օդափոխության նոր համակարգով, նոր բազկաթոռներով և այլն: Ի դեպ, վերջին անգամ թատրոնը նորոգվել էր շուրջ 20 տարի առաջ:
Հիմա ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ հաջորդիվ նախատեսում ենք հիմնանորոգել և տեխնիկապես վերազինել համայնքային ենթակայության մյուս երկու՝ Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնները:
Այժմ պատրաստվում են աշխատանքի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը: Ծրագիրը կներառվի 2021-ի համայնքային բյուջեում», - գրել է Տիգրան Վիրաբյանը: