24/07/2020 17:24
Հայաստանը պետք է խորացնի Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ Թուրքիային դիմակայելու հարցում. Աննա Կարապետյան
Թուրքիային հակազդելու խնդիրը պետք է այսօր լինի հայ-ռուսական օրակարգի առաջնային հարցերից մեկը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրենը:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին կայացած Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որում ասվում է, որ Հայաստանը պետք է անհապաղ լքի «ադրբեջանական հողերը», ինչպես նաև՝ Անկարան անվերապահ աջակցություն է հայտնել «եղբայրական» Ադրբեջանին։ Հայտարարության մեջ նաև ասվում է. «Մենք կշարունակենք ավարտին հասցնել այն առաքելությունը, որը մեր պապերն են իրականացրել հարյուրամյակներ շարունակ Կովկասի տարածքում»:
«Թուրքիան այսօր ավելի ագրեսիվ է Հայաստանի հանդեպ իր հռետորաբանության մեջ, քան եղել է երբևէ: Եվ նույնիսկ Տավուշի իրադարձություններից հետո հաստատված ներկայիս հարաբերական անդորրի պայմաններում Անկարան շարունակում է հրահրել Ադրբեջանին նոր գործողությունների: Սա տարածաշրջանային անվտանգության լուրջ հարց է, որն արդեն դուրս է բացառապես Արցախյան հակամարտության համատեքստից», - նշեց փորձագետը:
Քաղաքագետը ռուսական կողմից ևս Թուրքիայի հակազդելու որոշակի քայլեր և ազդակներ է տեսնում: «ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին Թուրքիայի իր գործընկերոջ հետ զրույցում շեշտել էր հավասարակշռված մոտեցումներ դրսևորելու և կողմերի վրա զսպող ազդեցություն գործելու անհրաժեշտությունը: Սա, ըստ էության, կոչ էր դադարեցնել ներկայիս քաղաքականությունը», - ասաց Կարապետյանը:
Նա նաև պատահական չհամարեց լարվածության այս օրերին զորավարժություններ անցկացնելը ՌԴ-ի կողմից՝ չնայած ՌԴ ՊՆ հայտարարությանը:
«Թուրք-ադրբեջանական տանդեմի նման ակտիվացումն ու ագրեսիվացումը սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը: Մոսկվայում արդեն իսկ սկսել են այդ ուղղությամբ աշխատանք տանել: Եվ մեզ համար շատ կարևոր է մեր դաշնակցի հետ միասնական ճակատով և միասնական դիրքերից հանդես գալն այս հարցում», - ասաց փորձագետը:
Կարապետյանի կարծիքով՝ պետք է օգտվել Տավուշում հրադադարի հաստատման համար ՌԴ ԱԳՆ և ԶՈՒ գլխավոր շտաբերի հետ համագործակցության ներկայիս գործող ձևաչափերից և դրանց հիմքով շարունակական աշխատանք տանել:
«Այսօր Թուրքիայի այս նկրտումներին ու քաղաքականությանը հակազդելու հարցը պետք է հայ-ռուսական համագործակցության առաջնային խնդիրներից մեկը լինի: Եվ դրա համար կարող է օգտագործվել, այդ թվում՝ ԱԳՆ և ԶՈՒ գլխավոր շտաբերի հետ աշխատանքի ներկայիս ձևաչափը, որն ինչպես նախօրեին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, արդյունավետ էր հրադադարի վերականգնման գործում», - ասաց նա: