24/07/2020 12:43
Պենտագոնը մեկնաբանել է F-15 կործանիչով իրանական օդանավի հետապնդումը
F-15 կործանիչը հինգշաբթի Սիրիայի երկնքում իրանական «Mahan Air» ավիաընկերության ուղևորատար օդանավից անվտանգ հեռավորություն է պահպանել, ուղեկցումն իրականացրել է միջազգային չափանիշները հաշվի առնելով: Այս մասին ТАСС-ին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (ՍԵՆԹՔՈՄ) ներկայացուցիչ Բիլ Ուրբանը՝ ի պատասխան միջադեպը մեկնաբանելու խնդրանքին:
«Այն պահին, երբ F-15-ի օդաչուն թռչող սարքը նույնականացրել է որպես «Mahan Air» ընկերության ուղևորատար օդանավ, F-15-ը բարեհաջող կերպով մեծացրել է օդանավից հեռավորությունը: Ուղեկցումը կատարվել է միջազգային չափանիշներին համապատասխան», - պնդել է նա:
Ուրբանը խոսել է մեկ F-15 կործանիչի մասին, մինչդեռ ավելի վաղ հաղորդվում էր, որ երկուսն են եղել:
ՍԵՆԹՔՈՄ-ի ներկայացուցիչը նշել է, որ ամերիկյան օդանավը հանձնարարություն է կատարել «Անխախտելի վճռականություն» գործողության շրջանակում, որը Սիրիայում ԱՄՆ գլխավորությամբ երկրների խումբն անցկացնում է Էթ Թանֆ գոտու շրջանում, այնտեղ է գտնվում ամերիկյան ռազմաբազան:
Կործանիչը «օդանավից հազար մետր անվտանգ հեռավորության վրա էր», երբ որոշել է համոզվել, որ դա ուղևորատար օդանավ է:
«Էթ Թանֆ բազայում կոալիցիայի զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով կատարվել է օդանավի վիզուալ զննում», - պարզաբանել է Ուրբանը:
Հինգշաբթի երեկոյան «Fars» գործակալությունը հայտնել էր, որ Սիրիայի երկնքում երկու կործանիչ շատ են մոտեցել ուղևորատար օդանավին:
Օդանավն ուղևորվում էր Լիբանան և հաջողությամբ վայրէջք է կատարել Բեյրութում, որտեղ լիցքավորվել է, այնուհետև վերադարձել Թեհրան: Օդանավի հարկադրական մանևրումների հետևանքով տուժել է 3 ուղևոր և անձնակազմի մի քանի անդամ: