24/07/2020 15:46
Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերականգնում է միջազգային ավիահաղորդակցությունը
Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերականգնում է միջազգային ավիահաղորդակցությունը, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Մենք առաջնորդվել ենք համաճարակաբանական իրավիճակով, կորոնավիրուսային հիվանդացության մակարդակով և փոխադարձության սկզբունքներով», - նշել է նա:
Արտասահման կարելի է մեկնել Մոսկվայից, Մոսկվայի մարզից, Սանկտ Պետերբուրգից և Դոնի Ռոստովից:
ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հստակեցրել է, որ ավիաթռիչքները վերսկսվում են դեռևս 3 երկրի` Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի հետ, իսկ ցուցակը գնալով կընդլայնվի:
Ռուսաստանը մարտին կորոնավիրուսի համավարակի պատճառով փակել էր սահմանները: Ավիահաղորդակցության վերականգման համար բանակցություններն ընթանում են հուլիսի սկզբից: