24/07/2020 10:16
Ադրբեջանցիները Մոսկվայում հարձակվել են հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների և տեղի հայ բնակիչների վրա, ծեծի ենթարկել նրանց (Տեսանյութ)
Այս գիշեր Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ են տեղի ունեցել: Մասնավորապես, մի խումբ ադրբեջանցիներ նախապս պլանավորված կերպով հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծել և հայհոյել վերջիններիս:
Ադրբեջանցիների մեկ այլ խումբ ջարդուփշուր է արել հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներ՝ ծեծի ենթարկելով դրանց վարորդներին:
Մոսկվայաբնակ քաղաքական գործիչ Արամ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում այդօրինակ մի տեսանյութ է հրապարակել՝ հղում անելով Infoteka24.ru կայքին: Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի քանի ադրբեջանցի ծեծի ենթարկում մեքենայի մեջ նստած տղամարդուն, կոտրում մեքենայի ապակիները:
«Մոսկվայում ադրբեջանցիների զայրացած ամբոխը ծեծի է ենթարկել հայկական պետհամարանիշով մեքենայի վարորդին: Մեր աղբյուրները հայտնում են, որ Մոսկվայում ադրբեջանցիները բանդաներ են կազմում, որպեսզի հարձակվեն հայերի վրա», - ասվում է տեսանյութին կից գրառման մեջ։
Ռուսաստանի հայերի միության աշխատակից Դավիթ Տոնոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ադրբեջանցիները դանակահարել են իրեն ծանոթ մի հայի: Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Մոսկվայի հարավ-արևելքում ՕՄՈՆ-ի աշխատակիցները ձերբակալել մի խումբ ադրբեջանցիների: Տոնոյանը նաև գրառում է կատարել՝ հայտնելով, որ Մոսկվայի Մարինո, Բրատիսլավսկայա և Լյուբլինո շրջաններն ամբողջությամբ շրջափակված են «ՕՄՈՆ»-ի և «Ռոսգվարդիայի» ուժերի կողմից, բոլոր մեքենաները ստուգվում են:
Հիշեցնենք, որ հայկական ծիրանի՝ ադրբեջանցուն պատկանող «Ֆուդ սիթի» շուկայում վաճառքի արգելքից հետո, երեկ էլ ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին պատկանող «Крокус» առևտրի կենտրոններից հանվել են բոլոր հայկական ապրանքները, և դրանք փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով: