24/07/2020 12:14
Հիմքեր կան պնդելու, որ ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև աշնանը երկրորդ ալիքին ավելի լավ կկարողանանք դիմակայել. Վարչապետ
Կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից։ Հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև աշնանը կանխատեսվող հնարավոր երկրորդ ալիքին կարող ենք ավելի լավ դիմակայել, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս լուրերի ֆոնին էլի հակադիմակային շարժումներ են սկսում։ Կորոնավիրուսի տարածման տեմպի անկման պատճառը հակահամաճարակային կանոնների պահպանումն է, որի գագաթնակետը դիմակների կրումն է», - ասաց Փաշինյանը։
Նա կոչ արեց ավելի համախմբվել, որպեսզի աշնանը պատրաստ լինենք հնարավոր երկրորդ ալիքին։
«Սա շատ կարևոր և սկզբունքային հարց է, խնդրում եմ զգոնությունը մի թուլացրեք, մեր երկրում արդեն 700-ին մոտ մարդ է մահացել կորոնավիրուսից։ Սա շատ սարսափելի վիճակագրություն է», - նշեց վարչապետը։