25/07/2020 13:13
Հակահայկական հարձակումները Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ է. Նիկոլ Փաշինյան
Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլև Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ, РБК-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար», - ասել է Փաշինյանը:
Միևնույն ժամանակ ՀՀ վարչապետը ասել է, որ «Ռուսաստանի մեր հայրենակիցները իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների, և որ Ռուսաստանը ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա»:
Փաշինյանը տեղեկացնում է, որ հարցազրույցը եթեր կգնա մյուս շաբաթվա սկզբին: