25/07/2020 13:00
Խաղաղ հավաքների իրավունքն ԱՄՆ Սահմանադրությամբ պաշտպանված է, բայց բռնության դեպքում իրավապահները համարժեք արձագանք կտան․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները։
Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ, ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ:
«Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքերում համարժեք արձագանք կապահովվի իրավապահների կողմից։ Բոլոր ցուցարարներին կոչ ենք անում պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և հանդես բերել զսպվածություն», - ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ: