27/07/2020 13:19
Վերջին երկու օրերին Մոսկվայում իրավիճակը խաղաղ է. հայերի և ադրբեջանցիների միջև նոր բախումներ չկան. Դավիթ Տոնոյան
Վերջին երկու օրերին Մոսկվայում իրավիճակը խաղաղ է. հայերի և ադրբեջանցիների միջև նոր բախումներ չկան, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը:
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ օրեր առաջ ազգամիջյան բախումների հետևանքով ոտքի հրազենային վիրավորում ստացած հայազգի երիտասարդն արդեն հիվանդանոցից դուրս է գրվել:
Ինչ վերաբերում է ադրբեջանցի սեփականատիրոջը պատկանող «Ֆուդ սիթի» առևտրի կենտրոնում հայ առևտրականների դրությանը, Դավիթ Տոնոյանը նկատեց, որ իր տեղեկություններով՝ այս պահի դրությամբ հայկական բեռնատարներ շուկա դեռևս մուտք չեն գործում, մինչդեռ հայազգի առևտրականները, որոնք միշտ տաղավարներ են ունեցել և աշխատել այնտեղ, շարունակում են բնականոն աշխատել:
«Հայաստանից բեռնատարներ չեն գալիս, բայց չհաստատված տեղեկությունների համաձայն՝ փոքրաթիվ մեքենաներ, ամեն դեպքում, մտնում են: Խտրականությունը բացառելու վերաբերյալ «Ֆուդ սիթիի» ղեկավարության հայտարարությունից հետո ավելի շատ հայերի ցանկությունն է՝ գնալ այնտեղ, թե ոչ: Ինչպես հասկանում եմ՝ շուկայի ղեկավարության կողմից խնդիր չկա», - ասաց մեր զրուցակիցը:
Դավիթ Տոնոյանի խոսքով՝ Հայաստանից գյուղմթերք տեղափոխող բեռնատարներն այժմ առավելապես հանգրվանում են «Шелковый путь» և «Бухта» շուկաներում:
«Այս պահին միայն մի խնդիր կա. չենք կարողանում կապ հաստատել գյուղմթերք արտադրող հայ ֆերմերների հետ՝ տեղեկացնելու, որ ապրանքը մատակարարեն նաև ՌԴ մարզեր: Հայկական ծիրանի հետ կապված հայտնի պատմության ժամանակ մենք, մեր ընկերներն անձամբ էինք բացատրում բեռնատարների վարորդներին՝ ուր գնալ, որտեղ բերքը վաճառել: Այսինքն՝ այնպես չէր, որ հենց այնպես, հեշտ ձևով ծիրանը վաճառվեց: Իրականում մեկը մյուսից անտեղյակ էր», - նշեց ռուսասատանահայ գործիչը: