27/07/2020 13:30
Ներքին տուրիզմը զարգանում է, բայց տեմպերը դեռևս գոհացուցիչ չեն. Մեխակ Ապրեսյան
Ներքին տուրիզմն առաջ է շարժվում, ակտիվանում է, սակայն ցավոք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ դեռևս տեմպերը նվազ են:Նախորդ տարվա երկրորդ եռամսյակի տվյալներին դեռ չենք էլ հասել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
«Եթե ներքին զբոսաշրջությունը համեմատենք մեկ-երկու ամիս առաջվա տվյալների հետ, իհարկե, ամեն ինչ շատ լավ է, վիճակը գնալով աշխուժանում է: Բայց այն, որ անցած տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշին դեռ չենք հասել, ունի իր օբյեկտիվ բացատրությունները. նախ, կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ մեր ազգաբնակչության եկամուտները նվազել են, մարդկանց վճարունակությունն ընկել է: Երկրորդ գործոնը զգուշավորությունն է: Մարդիկ գերադասում են հնարավորինս քիչ շփումներ ունենալ՝ չվտանգելով սեփական առողջությունը: Ահա զսպող երկու գործոնները», - ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ պատկերն առավել պարզ կդառնա օգոստոսի վերջին, երբ պատրաստ կլինեն վիճակագրական տվյալները:
Մեխակ Ապրեսյանը նաև նկատեց, որ հայաստանյան հանգստյան տներն ու հյուրանոցները գների թանկացումներ այս տարի չեն կատարել, ավելին՝ շատ տնտեսվարողներ իջեցրել են գները, և դրանք բավական հասանելի են դարձել:
«Իհարկե, պետք է զարկ տալ ներքին զբոսաշրջությանը: Սա անհրաժեշտություն է և նաև հնարավորություն՝ ավելի խթանելու և աշխուժացնելու ոլորտը՝ միաժամանակ հայաստանցիներին հնարավորություն տալով ավելի լավ ճանաչելու սեփական երկիրը», - նշեց Ապրեսյանը։